Մատչելիության հղումներ

Մայրության և գեղեցկության տոնին է նվիրվում «Սիրված երգեր․ Ազնավուր» համերգը


Ամեն տարի  Մարության ու գեղեցկության տոնին նվիրված տարբեր մշակութային նախաձեռնություններ են իրականացվում՝ ցուցահանդեսներ, համերգներ, հանդիպումներ։

Հենց այս պահին Կոմիտասի անվան կամերային երաժշտությանը տանը Հայաստանի պետական կամերային երգչախմբի և մենակատարների կատարմամբ հնչում է համերգ՝ նվիրված Մայրության ու գեղեցկութայն տոնին։ Ծրագրում արևմտաեվրոպական և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն են։

Իսկ վաղը երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և անվանի մենակատարների կատարմամբ «Սիրված երգեր․ Ազնավուր» խորագրի ներքո կկայանա մի գեղեցիկ համերգ՝ նվիված Մայրության և գեղեցկության տոնին։

«Ճիշտն ասած, գաղափարը իմը չի, ավելի իրագործմանն եմ ես մասնակցում։ Մեր Ֆիլհարմոնիկի անձնակազմը որոշեց, որ գեղեցիկ օրվան ինչ գեղեցիկ նվեր կարելի է անել, և որոշվեց Ազնավուրի երգերը, որոնք նվեր են ցանկացած պարագայում։ Ընտրվեցին էն մարդիկ, ովքեր շատ կապված են Ազնավուրի հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը։

Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ազնավուրյան երգերի կատարումներով համերգին մասնակցում են թե' օպերային, թե' էստրադային երգիչներ։ Նրանցից շատերը դեռ 2017 թվականին Ազնավուրի ներկայությամբ կայացած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգի մասնակիցներն են։

«2015-16 թվականներից իմ անհատական համերգներն եմ արել Ազնավուրի երգերով, իմ ընկեր երաժիշտների հետ։ 2017-ի հունիսի 1-ին մենք ֆիլհարմոնիկի հետ մեծ համերգ արեցինք, մաեստրոն ղեկավարեց, որին ներկա էր նաև Շառլ Ազնավուրը։ Էդտեղից մեր համագործակցությունը սկսվեց, դրանից հետո շատ համերգներ են արել Ազնավուրին նվիրված։ Եվ սա հերթական ուրախ առիթն է, որ մենք կարող ենք հարգանքի տուրք մատուցել մեր լեգենդար հայրենակցին և հանդիսատեսին ռոմանտիկ, սիրառատ տրամադրություն փոխանցել։ Ազնավուրի համերգը կանանց համար, կապ չունի մարտին թե ապրիլի 7, միշտ էլ տոնական է դառնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց երգիչ Հայկ Պետրոսյանը։

Իսկ Գոռ Սուջյանը հավելեց. - «Միշտ հաճելի է երգել Ազնավուր։ Մեր պարծանքն է Ազնավուրը։ Նամանավանդ ես, որ բարեկամական կապ ունեմ Ազնավուրի հետ։ Պապիկիս պապիկը և Ազնավուրի տատիկը հարազատ քույր ու եղբայր են։ Բայց մենք չհասցրեցինք ծանոթանալ»։

Օպերային թատրոնի մեներգիչ Նավասարդ Հակոբյանն ընդգծեց. - «Շառլ Ազնավուրը ինձ համար մեծ նշանակություն ունի, ինչպես և բոլոր հայերիս համար։ Մեծացել եմ իր երգերի տակ ու մինչ այսօր ես գրեթե ամեն օր կարող եմ լսել իրեն։ Իհարկե, այս տոնը ամենակարևոր օրերից մեկն է, բայց, իմ կարծիքով, մայրերի տոնը կամ գեղեցկության տոնը ամեն օր պետք է լինի։ Սիրով մասնակցում եմ այս համերգին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG