Մատչելիության հղումներ

Լեռ Կամսարը՝ մեկ ճամպրուկում


Ուղիղ քսան տարի Սովետի բանտերում՝ առանց հստակ մեղադրանքի ու հանցանքի։ Երգիծաբան Լեռ Կամսարը ողջ կյանքում պատասխան տվեց Խորհրդային Միությանը իր անզուսպ գրչի, սուր լեզվի, հանդուգն մտքի համար:

«Բոլշևիկյան կառավարությունը հեքիաթի այն վիշապն եղավ, որ նստած իմ և ժողովրդի մեջտեղ, արգելեց ամեն տեսակի հաղորդակցություն իրար հետ։ Ինձ Բևեռ աքսորեց ու վառեց գրքերս, որ չկարդան, վերադարձիս էլ այնպես խցեց բերանս, որ ծպտուն չհանեմ։ -Ինչո՞ւ։ -Որ չգոռամ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ…»:

Ցեղասպանությունից փրկված, Վանից Խորհրդային Հայաստան տեղահանված երգիծաբանը ընդամենը մի քանի տարի կարողացավ ազատ ստեղծագործել։ Ստալինյան վարչակազմը շուտով նրա՛ն էլ աքսորեց, տարիներով պահեց Սիբիրի բանտերում․․․․ որովհետև ոչ թե փառաբանում էր, այլ՝ ասում այն, ինչ մտածում էր։

«Չկա ավելի դժվար բան աշխարհում, քան ճշմարտություն գրել սովետական թերթերում։ Այսինքն՝ ճշմարիտն ասել այնտեղ, երբ բոլորն անխտիր ստում են։ Այնտեղ, ուր չստողին բռնում, բռնաբարում ու գնդակահարում են»:

Վերջին անգամ 1949-ին՝ ստալինյան երկրորդ բռնաճշումների ժամանակ Կամսարը բացեց ճամպրուկը՝ չոր հացով լցնելու և կրկին Գուլագի բաժակը տեղավորելու համար։ Վերադարձին, երբ արդեն արդարացվել էր չգործած մեղքերի համար, խնդրեց ընտանիքին պինդ պահել, հանկարծ դեն չնետել դժոխքի ճամփի միակ ընկերոջը։ Հիմա այդ՝ պոկված բռնակով, ջարդված կողպեքով ճամպրուկը թոռնուհու՝ Վանուհի Թովմասյանի ամենաթանկ ժառանգությունն է:

«Այս ճամպրուկի մեջ Լեռ Կամսարի ձեռագրերն են, ընտանիքում ասում ենք՝ անլեգալ գրականություն, այսինքն` այն գրականությունը, որ գիտենք, որ արգելված է, գիտենք, որ եթե տպագրվի, մենք խնդիրներ կունենանք և վերջին հաշվով արդեն 2-3 անգամ արխիվը կորցրել էր, բռնագրավել են, բոլորս վախենում էինք», - պատմեց Թովմասյանը:

1935-1955․ բանտ, աքսոր

«Վերջում ես ձերբակալվում եմ ոչ թե ունեցածս բաների, այլ չունեցածս առաջնորդների նկարների ու սոցիալիստական բրոշյուրների համար»։

Արամ Թովմասյան կամ Թովմաղյանը սկզբնական շրջանում ակտիվ թղթակցում էր կովկասյան թերթերին, «Խորհրդային Հայաստան»-ի երգիծական բաժնի աշխատակիցն էր։ Վանից գաղթած գրողի կսմիթները թուրքական իշխանության, կրոնի, եկեղեցու, Դաշնակցության մասին էին։ Բայց հանկարծ ամեն ինչ փոխվեց, երբ ֆելիետոնների գլխավոր հերոսը դարձավ Խորհրդային Միությունը։

«Թուրքական կոտորածները իրենց բնույթով տարբեր են բոլշևիկյան կոտորածներից: Առաջինները կոտորելիս ստից մեղադրանք են ներկայացնում իրենց զոհերին, իսկ բոլշևիկների կոտորածների մեջ ոչ մի տենդենց չկա, նրանք կոտորում են մարդկանց «արվեստը արվեստի համար» նշանաբանով...»։

Ստալինյան տեռորն արդեն սկսվել էր․ ամեն օր հազարավոր մարդիկ էին ձերբակալվում, աքսորվում ու գնդակահարվում՝ առանց դատ ու դատաստանի։ Ցանկացած անզգույշ քայլ կամ բառ կարող էր դառնալ ճակատագրական, բայց դա չխանգարեց, որ մի օր Կամսարը 300 մարդու ներկայությամբ կոմունիստ ղեկավարների երեսին շպրտի՝ «Դուք ավելի վատն եք, քան թուրք կառավարությունը»:

«Արևմտյան Հայաստանում ինքը ազատ տպվում էր, խնդիր չի ունեցել, հետո եկել է ցարական Ռուսաստանի ժամանակ...., Բաքվում տպվեց, Թիֆլիսում տպվեց, Երևանում ազատ, հետո Առաջին Հանրապետությունը. էնքան, ինչքան որ ինքն է ծաղրել Դաշնակցությունը.... էդ առաջին գրքերը դրա վերաբերյալ էին, ազատ տպագրվում էր, Դրոն տեսնում է Սարիղամիշի պատերազմի ժամանակ, շարքից հանում է, ուղարկում է թիկունք, ասում է՝ «բա որ քեզ մի բան պատահի, մեզ ո՞վ կծաղրի»։ Իսկ Սովետական Միությունում սկզբնական շրջանում տպվել է երեք գիրք, երբ որ Աղասի Խանջյանն էր, տպագրվել է, հետո միանգամից բերանը խցեցին», - պատմեց Վանուհի Թովմասյանը:

Խորհրդային իշխանությունները գրողին նախ Երևանի բանտում են փակել, հետո ուղարկել են Սիբիր, բայց լռեցնել այդպես էլ չեն հաջողել․ ծածուկ էր գրում։ Հետո՝ հազար ու մի միջոց հնարում, որ գոնե իր գրականությունը ճաղերից ազատի:

«Տետրերը դնում է շորերի մեջ ու բանտի պատուհանից, որ գցում են, ասում է՝ «զգույշ, ոջիլներ կան մեջը, զգույշ քեզ չկծի», այսինքն՝ հուշում է, որ գրականություն կա, կինն էլ վերցնում է, նույն ձևով, չգիտեմ, բետոնի մեջ է պահում, թե կճուճների մեջ է պահում, այդպես բոլորը պահում են», - ներկայացրեց թոռնուհին:

Աշակերտական երեք տետրերում է ամփոփվել Կամսարի «Բանտիս օրագիրը», որը հրատարակվել է գրվելուց 75 տարի անց միայն՝ թոռնուհու ջանքերով։ Օրագրում վերջին գրառումն արել է 1936 թվականի հունիսի 5-ին, երբ բանտապահները նույնիսկ գրիչն ու մատիտն են առգրավել։ Սիբիրյան աքսորի տարիներին հնարավոր չի եղել անգամ մեկ տառ գրել, հետո տեղափոխել են Հայաստան, բայց՝ ստիպել, որ ապրի ընտանիքից ու մայրաքաղաքից հեռու։

«Էն պահին է, որ ինքը տորֆում է, ու սկսվում է բռնաճնշումների երկրորդ ալիքը: Այնտեղ կային իր նման հինգ աքսորական, արդեն չորսին տարել են, մնացել է ինքը, ուրիշը լիներ ի՞նչ կաներ՝ մի բառ չէր գրի, չէ՞, կթաքնվեր մի տեղ: Լեռ Կամսարը գումար չի ունեցել նույնիսկ տետր առնելու, փաթեթավորված թղթերը վերցրել է, կարել է, իր համար սարքել է տետր ու այդպես գրել է: Դատարանում որ աշխատել է, այնտեղ գրագիր է երևի եղել, մի կողմից ակտի վրա է աշխատել, մյուս կողմից ինքը ստեղծագործում էր, իր մոտ երևի բացակայում էր ինքնապաշտպանական բնազդը, թե ինչ, կամ էլ էնքան դառնացած էր, որ ասում էր՝ «մեռնեմ, միանգամից պրծնեմ», - նշեց Վանուհին:

ՉեԿա, մկներ, ջրհեղեղ

«Աշխարհը ինձ համար մի սովետական արտելում կարած զգեստ եղավ, ու ինչքան «պերեդելկա» արի՝ չնստեց ու չնստեց վրաս»։

Լեռ Կամսարի ձեռագրերի մի մասը կորել է Վանից գաղթի ճանապարհին, մի մասը առնետներին է բաժին հասել, արխիվը երկու անգամ բռնագրավել և ոչնչացրել է ՉեԿան։

«Իրենք գիտեին, որ վերահսկողության տակ էին, ու գրականությունը մեղրի կճուճները վերցրել էին, կլայեկել էին միջի մասը, իր աներձագն էր արել, գրականությունը թողնում էին տակը, իսկ վերևի մասը մեղր էին լցնում, ու էդ մարդը պահում էր իր տանը, որը հենց ՉեԿայի բակում էր ապրում, ՉեԿայի քթի տակ պահել է: Դրանից հետո դնում էին կարասների մեջ, հորում էին մառանում», - ներկայացրեց Վանուհին:

46-ի ջրհեղեղն էլ սրբեց տարավ կճուճների մեջ պահած կսմիթները. «Իրեն էլ հայրս է փրկել, ջուրը քշում տանում էր, հայրս գնացել վերցրել բերել է, բայց ինքը որ կճուճները բացում է, տեսնում է էդ ձևի ստեղծված գիրը, ամեն դեպքում, պահել է, որ հետագայում նյութեր կլինեն, նյութերով կվերականգնեն, մի շաբաթ հաց չի կերել, շատ տխուր: Վառարանի մոտ չորացրել են, սկսկել են փշրվել թղթերը, հետո էդ հավաքել են տարել են դրսի զուգարանում գիշերը վառել են, որ մարդիկ չտեսնեն՝ ինչ են վառում: Շատ ծանր է տարել այդ կորուստը»:

«Ինձ կթաղեք բերանքսիվայր»

«Միայն ազատությունից ավելի ինձ պետք է, որ խորհրդային մտայնությունը դադարի ինձ սևամորթ գրող համարելուց։ Ընկե՛ր դատախազ, խնդրում եմ արդարադատությունից, որ իր վճիռն իմ մասին անպատճառ լինի գերագույն։ Գերագույն ազատություն կամ գերագույն պատիժ, որով միայն կվերջանա այն մղձավանջը, որի մեջ խեղդվում եմ ես այժմ…»։

1955 թվականի խրուշչովյան հալոցքի ժամանակ Կամսարն արդարացվեց։ Թույլ տվեցին, որ վերադառնա Երևան, բայց՝ վերահսկողությունը չթուլացավ ոչ մի վայրկյան։

«ԿաԳեԲեն ինձ նորից կանչեց», - այսինքն՝ նրան միշտ առաջարկել են համագործակցել, - «ես ձեզ մի բան եմ ասում, դուք ոչ մեկին չասեք», - ընթերցողին է դիմում, - «էսօր չեկան ինձ չորրորդ անգամ կանչեն համագործակցության»: Ինքը որ անընդհատ մերժել է, դրա համար աշխատանք չի ստացել, գրքերը չեն տպագրվել, այսինքն՝ դա է եղել պատճառը: Գիտե՞ք ինչ, էլի հակասովետական, հակապետական՝ կարող էին առանձնացնել էդ բոլորը, տպել կենցաղային, կանանց վերաբերյալ, փառք Աստծո, կանանց ինքը էնքան է սիրել, այսինքն՝ էդպիսի բաներ կարող էին տպագրել՝ այդ մարդը հացի գումար ունենա, բայց չեն արել», - ասաց Վանուհի Թովմասյանը:

«Սովետական կառավարությունը ինձ երեք տարի տաժանակրության դատապարտեց հեռավոր հյուսիսում և 17 տարի վտարեց ընտանիքիցս՝ որպես քաղաքական հանցավոր ու, սակայն, այսօր, վերանայելով իր վճիռը, գտավ, որ ես արդար եմ և իզուր տեղը քսան տարի տառապել եմ։ Բայց հետաքրքիրն այն է, որ իր ահռելի սխալի համար կիսաբերան ներողություն անգամ չի խնդրում ինձանից։ Այսուհանդերձ ես բավարարված պիտի լինեմ․․․ Ի՞նչ անեն այն թշվառ դատապարտվածները, որոնք իրենց անմեղության մասին իմանում են ... գնդակահարվելուց հետո»։

Ընդամենը մեկ անգամ երգիծաբանին առաջարկվեց սովետական կոմեդիա գրել՝ բարձր հոնորարի դիմաց։ Ի պատասխան՝ Կամսարը պարզեց «Պլենում» թատերակը, որը պարզապես ապտակ էր բոլշևիկյան ամբողջատիրությանը:

«Պլենար նիստը» 26 թվին էր գրել, դա ՉեԿան բռնագրավել էր, ինքը նստում է մի հատ էլ «Պլենում» է գրում, ու նույն քննադատությունը», - նշեց Վանուհին:

10 տարի շրջել է խմբագրությունից խմբագրություն, որ մի տող տպվի՝ ապարդյուն։ 1965-ին վերջապես հրատարակվեց «Մարդը տանու շորերով» գիրքը։ Կամսարն անհամբեր սպասում էր առաջին օրինակին, չգիտեր՝ Կենտկոմն արդեն կալանքի տակ է դրել այն։ Դա տառապանքի վերջին կաթիլն էր։ Ցեղասպանություն, բանտ, աքսոր տեսած 77-ամյա երգիծաբանը երեք օր անց մահացավ՝ սրտի կաթվածից։

«Մի պահ քար լռություն տիրեց, ու բոլորը գնացին կողքի սենյակը ու գզրոցներից սկսեցին ինչ-որ բաներ հանել, ու այս ճամպրուկը չգիտեմ մառանում էր, թե որտեղ էր, առաջին անգամ ես տեսա այս ճամպրուկը լցվեց ամբողջությամբ՝ ես չտեսա ինչ էր, ուղղակի ես պապի սենյակում, որտեղ սնարն էր, զարմացած նայում եմ, թե տնեցիներն ուր են գնացել: Քիչ հետո դուրս եկավ մորաքրոջս ամուսինն այս ճամպրուկը հա՛մ փակված, հա՛մ պարանով կապված, սոսնձված թղթեր, թղթերի վրա ստորագրված, որ ոչ մեկը չկարողանա բացել։ Ես ապշած վիճակում էի ու հարցրեցի՝ «էս ի՞նչ եք անում», մայրս ասաց՝ «սա մեր գանձերն են», մեր գանձերը՝ ես զարմացա, որ մենք գանձ ենք ունեցել, բայց շատ թշվառ ենք ապրել», - պատմեց Վանուհին:

Հարազատներն այս ամենը խաղացել են հարևանների համար՝ հանկարծ ՉեԿային իմաց չտան։ Ճամպրուկը թաքցրնելուց հետո միայն իրենց թույլ են տվել արտասվել. քիչ անց արդեն ոստիկանները գրողի տանն էին՝ ձեռագրերն էին փնտրում։ Երեկոյան էլ պարզվեց, որ կառավարությունը հրաժարվել է հուղարկավորել Կամսարին։

«Ես խնդրում եմ ձեզ՝ ինձ թաղելիս բերանքսիվայր դնել հողը, որ այս կառավարության երեսը չտեսնեմ։ Մի երկմտեք, երբևէ ռեժիմը փոխվելիս, անգամ եթե ամբողջովին փթած էլ լինեմ, դարձյալ շուռ պիտի գամ մեջքիս վրա...», - սրանք Լեռ Կամսարի վերջին խոսքերն են:

«Ոչ մեկը չգիտեր, թե ինչ կա ճամպրուկում, երևի միայն կինը, բայց բոլորի մոտ կար էն մտահոգությունը, որ գրականությունը պետք է պահել, պահպանել, գրականությունը պետք է փրկել: Բայց 65 թվականին մենք նորից բանտարկեցինք նրա ձեռագրերը, նրա կյանքը», - նշեց Վանուհին:

Կամսարը՝ մեկ ճամպրուկում

«Իմ կյանքը գզրոցիս մեջ թողեցի, իսկ մահս կտանեմ փողոց...պտույտի»

Լեռ Կամսարը յոթ երեխա է ունեցել, չորսը մահացել են փոքր տարիքում։ Տղաներից Աշոտը՝ Վանուհի Թվմասյանի հայրը, փորձել է գրողի մահվանից հետո բացահայտել ճամպրուկի պարունակությունը։

«Հայրս մեքենագրում էր, բայց այդ ժամանակ ո՛չ մամուլը, ո՛չ ռադիոն, ո՛չ հեռուստացույց, չկար՝ Լեռ Կամսար գոյություն չուներ: 100-ամյակն էր, ես դիմեցի նախ քաղաքապետարան, խնդրեցի, որ մի փողոց անվանակոչեն իր անունով, պատասխան ստացա, որ հերթի է դրված, կանենք ինչ-որ մի ժամանակ: Երկրորդ նամակ-դիմումս Գրականության ինստիտուտն էր, ասացի՝ Լեռ Կամսարը թողել է հարուստ գրականություն, խնդրում եմ, եկեք տեր կանգնեք, սա մեզ չի պատկանում, պատկանում է հայ ժողովրդին, գրել է սերունդների համար: Եթե քաղաքապետարանից ինչ-որ նամակ ստացա, Գրականության ինստիտուտից ես ընդհանրապես ոչինչ չստացա, ոչ մի նամակ, հայրս էլ արդեն մահամերձ էր: Ես սարսափահար նայեցի այս հսկա գրականությանը, մտածեցի՝ լավ, ի՞նչ անեմ, մնացի ես, ես էլ որ չանեմ, ո՞վ պետք է անի», - պատմեց թոռնուհին:

Խորհրդային Միության փլուզումից հետո էլ Լեռ Կամսարը չի տպագրվել։ Միայն 2000-ի սկզբին է թոռնուհուն հաջողվել՝ հավաքել, սրբագրել պապի աշխատանքներից մեկը՝ «Կարմիր օրերը»:

«Բախտս ինչքան է բերել, որ Գրականության ինստիտուտը չվերցրեց այս ճամպրուկը, կթաղվեր, այսինքն՝ կտանեին որպես ձեռագիր կպահեին, որ ասենք 100 տարվա ձեռագիր է պահեն, բայց ոչ մեկը գիրք չէր անի: Իրենից մնացել է դաշնամուր մերոնց տանը, գրասեղանը և ջութակը: Երաժշտության ուսուցիչը Կոմիտասն է եղել», - նշեց Վանուհի Թովմասյանը:

Լեռ Կամսարի թոռնուհին հիմա փորձում է ամեն տարի գոնե մեկ գիրք հրատարակել։ Մինչ օրս, սակայն, պահպանված ձեռագրերի կեսն էլ դեռ չի տպագրվել. «Որ սկսեցի գրքերը տպագրել, ապրել եմ այդ տան մեջ, էդ վախերն իմ մեջ էլ կար, վախենում էի, ասում էի՝ լավ, ես ո՞նց անեմ, ո՞նց կրճատեմ, ո՞ր մասը չդնեմ, որ արգելքներ չլինի, որ ինչ-որ մեկը չգա ու.... թե՛ պետությունը, թե՛ անհատները, ու ես մեղանչեցի Լեռ Կամսարի հանդեպ, բոլորը հանեցի, ինչը վերաբերում է հայտնի մարդկանց, բոլորը հանեցի: Բայց սրանից հետո ես երբեք չեմ հանելու, թող համակերպվեն: Ինքը իր արժեքն էլ գիտեր, ես հիմա որ անտիպները հանում եմ, տեսնում եմ՝ ինքը ինչպես գիտի, որ հետագայում իրեն կարդալու են, իրեն գնահատելու են, սիրելու են, վերջին հաշվով ինքը չի դավաճանել»:

Մահվանից ավելի քան հիսուն տարի անց՝ Լեռ Կամսարը դեռ շարունակում է մաշված ճամպրուկում մնալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG