Մեղադրանքներ են առաջադրվել «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ նախկին և ներկա տնօրեններին, «Գնոմոն» ԲԲԸ տնօրենին, հաղորդում է Գլխավոր դատախազությունը։
Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ձեռք բերած տվյալների հիման վրա հարուցված քրեական գործով, որի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեի Երևանի քաղաքային վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին, պարզվել է, որ «Գնոմոն»-ի տնօրեն Է. Գ.-ն նախնական համաձայնության է եկել Երևանի ոսկերչական գործարանի տնօրեն Գ. Կ.-ի հետ, նյութապես շահագրգռելու եղանակով դրդել նրան ակնհայտ անցնելու օրենքով նախատեսված իր լիազորությունները: Մասնավորապես, 2012-2016 թվականներին, Գ. Կ.-ն օրենքի պահանջների խախտմամբ, միանձնյա խոշոր գործարք կնքելու իրավասություն չունենալու պարագայում Է. Գ.-ի հետ կնքել է փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ-համաձայնագրեր, ինչով անհիմն երկարաձգվել են «Գնոմոն»-ի պարտավորությունների վճարման ժամկետները, նշված է հաղորդագրությունում։
Բացի այդ, շարունակում է Դատախազությունը, Է. Գ.-ն Երևանի ոսկերչական գործարանի հանդեպ «Գնոմոն»-ի դեբիտորական պարտքերը զրոյացնելու և դեբիտորական պարտքի գումարները յուրացման եղանակով հափշտակելու դիտավորությամբ Գ. Կ.-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քաղաքացիական գործի շրջանակում, որով Երևանի ոսկերչական գործարանը շուրջ 1,15 միլիարդ դրամի բռնագանձման պահանջ էր ներկայացրել ընդդեմ «Գնոմոն»-ի, չտրամադրել հայցապահանջը հիմնավորող, ընկերությունների միջև առկա ակտ-համաձայնագրերի հիմքը հանդիսացող պայմանագիրը: Դրա հետևանքով դատարանը մերժել է Երևանի ոսկերչական գործարանի պահանջը:
«Այսինքն Է. Գ.-ն հաստատապես իմանալով քննարկվող պայմանագրի առկայության մասին, օգտվելով Գ.Կ.-ի նկատմամբ ունեցած իր ազդեցությունից, նրա հետ պայմանավորվել է նշված պայմանագիրը չտրամադրել՝ ի սկզբանե գիտակցելով պայմանագրի բացակայության պայմաններում հայցապահանջի անհիմն լինելու հանգամանքը: Այդ կերպ, Է. Գ.-ն կազմակերպել և պետական բաժնեմասով ընկերությունից յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի 1 միլիարդ 92 միլիոն 593 հազար 543 դրամ գումար», - ասված է հաղորդագրությունում։
Քննությամբ պարզվել է նաև, որ Երևանի ոսկերչական գործարանի գործող տնօրեն Ա. Ա.-ն, թեև 2017-ի մայիսի 12-ին հայցադիմում է ներկայացրել դատարան և խնդրել անվավեր ճանաչել «Գնոմոն»-ի հետ կնքված «փոխադարձ հաշիվների ստուգման ակտերը», ինչպես նաև վերջինից բռնագանձել 1 միլիարդ 92 միլիոն 593 հազար 543 դրամ, սակայն դատաքննության ընթացքում դատարան չի ներկայացրել ընկերությունների միջև 2007-ի հունվարի 15-ին կնքված համագործակցության պայմանագիրը և չի ապացուցել պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքը: Դրա պատճառով դատարանը մերժել է ընկերության պահանջը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ որոշումներ են կայացվել Գ. Կ.-ին Քրեական օրենսգրքի օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով` «պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ», և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «հանցակցություն յուրացնելուն կամ վատնելուն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով», Է. Գ.-ին՝ ՔՕ 38[հանցակցություն]-309-րդ հոդվածի 3-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Ա. Ա.-ին՝ 315-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «պաշտոնեական անփութություն, որն առաջացրել է ծանր հետևանքներ», մեղադրյալ ներգրավելու մասին։
Երևանի դատարան միջնորդություններ են ներկայացվել Է. Գ.-ի և Գ. Կ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք մերժվել են: Է. Գ.-ի նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես խափանման միջոց է ընտրվել գրավը 100 միլիոն դրամի չափով, իսկ Գ. Կ.-ի և Ա. Ա.-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրություն: Նախաքննությունը շարունակվում է: