Հայաստան դեղ ներկրող մի քանի խոշոր ընկերություններ զգուշացնում են՝ առաջիկա ամիսներին շուկայում լուրջ խնդիրներ են ի հայտ գալու՝ թանկացումներից մինչև դեֆիցիտ:
«Տեսնելու եք, որ դեղերի գները բարձրանալու են, դա առաջինը, երկրորդը` այն դեղերը, որ նշանակվել են ու ձեզ պետք են, չեք գտնելու դեղատներում», - հայտարարում են նրանք:
Ներկրող ընկերություններից մեկի տնօրեն Վահե Վարսանյանը պնդում է՝ խնդիրն այն է, որ հունվարի 1-ից շուկայում խաղի կանոնները փոխվել են։ Կառավարությունն այլևս թույլ չի տալիս ներկրել դեղեր, որոնք Հայաստանում գրանցված չեն, մի բան, որ հնարավոր էր անցած երկու տարիներին՝ կորոնավիրուսի ու պատերազմի պատճառով։ Ասում է՝ այս երկու տարիներին ոլորտում ձևավորված մրցակցության շնորհիվ շուրջ 700 դեղ էժանացել էր։ Կառավարության հակափաստարկը, որ դրանից ոլորտն անվերահսկելի կդառնա, չի ընդունում:
«Երկու տարին, որ ներկրել ենք, որևէ խնդիր չի եղել, որովհետև բերում ենք, տեղափոխման պահանջներով` ինչ որ ուղիղ ներկրումների ժամանակ էր այդ իրավատերերից, նույնը բերում ենք այդ զուգահեռ ներմուծման ժամանակ: Բացի դրանից, դեղգործակալությունը վերահսկում է, այսինքն` բոլոր փորձաքննություններն իրականացնում են, իրենք էլ հավաստագիր են տվել, որևէ դեպք չկա, որ նախարարությունը ներմուծման հավաստագիր տված չի լինի, ու որևէ խնդիր լինի», - պնդում է Վահե Վարսանյանը:
Առողջապահության նախարարն արձագանքում է՝ իրեն հայտնի չէ մի երկիր, ուր դեղերը ներմուծվեն ու վաճառվեն առանց ստուգման ու վերահսկողության։ Անցած երկու տարիներին այդ բացը լրացրել է կառավարությունը: «Չգրանցված դեղ ներկրողները դիմել են նախարարությանն ու ասել՝ այս ինչ դեղը ՀՀ-ում չկա, ներմուծման թույլտվություն տալի՞ս եք, ինչից հետո յուրաքանչյուր դեղ երկարատև ստուգում է անցել»,-պատմում է այս տարիներին ոլորտը գլխավորած Արսեն Թորոսյանը։ Նախկին նախարարի կարծիքով` հիմա նման՝ արտահերթ լուծումների կարիք չկա, պետք է առաջնորդվել օրենքի տառով:
«Ով ունի իրական հնարավորություն` լավ, որակյալ դեղեր ներկրելու, գրանցված կամ զուգահեռ ներմուծումներով, կլինի առաջատար դիրքերում և ոչ թե հակառակը, ոնց որ տեսնում ենք հիմա, երբ որ այդ անկանոն ներկրումների պատճառով ոմանք դարձել են շուկայի առաջատար, բայց իրենց ներկայացնում են զոհի կարգավիճակում: Դեֆիցիտ մենք չենք ունենա, որովհետև այդ դեղերը, որոնք արտադրվում են Ռուսաստանից դուրս, ուղիղ կարող են ներմուծվել Հայաստան, և այդպես էլ սովորաբար եղել է», - նկատում է Թորոսյանը:
Ներկրողները պնդում են՝ քովիդի պիկն ու պատերազմն ավարտվել են, բայց ի հայտ է եկել այլ արտակարգ իրադրություն՝ պատերազմը Ուկրաինայում։ Փաստացի, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանը դեղերի մոտ ⅓-ը ներկրում է Ռուսաստանից, որն այժմ խնդիրներ ունի՝ արևմտյան պատժամիջոցների պատճառով։ Գործընկերների շարքում է նաև Ուկրաինան, որտեղ դեղարտադրող մի քնաի գործարաններ դադարել են գործել: Ներկրող ընկերությունները զգուշացնում են՝ սա կարող է խնդիրներ առաջացնել նաև Հայաստանի համար։ Նախարարը, մինչդեռ, այս մտավախությունը չի կիսում․ եթե խնդիր լինի, ներմուծողները շուկան կփոխեն, հարկ եղած դեպքում դեղի փոխարինչը կներմուծեն:
«Ներմուծողներ որոշ դեղորայք պետք է իրենց ներմուծման շուկաները փոփոխեն, մենք միասնական ենք աշխատում դրա վրա: Եթե Հայաստանում չկա գրանցված դեղ, և հիվանդներին պետք է այդ դեղը, ապա մենք, գործարկելով բոլոր միջոցները, թույլատրում ենք ներմուծել Հայաստանի Հանրապետություն, բայց առաջնորդվել միայն ներմուծողների առաջ քաշած արգումենտներով, մենք չենք կարող: Եթե մարդուն դուրս է գրվում որոշակի դեղ, օրինակ` խրոնիկ հիվանդությունների պարագայում, քաղաքացին պիտի իմանա, որ այդ դեղի հասանելիությունը երկար ընթացքում պետությունը պետք է ապահովի, և ոչ թե մեր շուկայում հայտնվեն ու կորեն դեղերը, տարբեր տեսականին», - նշում է Անահիտ Ավանեսյանը:
Թեև շուկան ազատ է ներկրողների համար, սակայն գործարարները պնդում են, թե այդուամենայնիվ կան առավելություն ունեցողներ․ խոշոր արտադրողների ներկայացուցիչներն, ըստ նրանց, ներկրման ավելի մեծ ծավալների ու կապերի արդյունքում կարողանում են ավելի շահավետ պայմաններով աշխատել։ Ըստ ներկրողների` գործող օրենքը հենց այդ ընկերությունների շահերից է բխում։
Իրավիճակը փոխելու համար դեղ ներկրող մեկ այլ ընկերության տնօրեն Գեղամ Մոսինյանը փոխզիջումային տարբերակ է առաջարկում՝ խորհուրդ է տալիս փոխել օրենքը, որպեսզի որևէ երկրում գրանցված դեղի վաճառքը Հայաստանում դառնա թույլատրելի անկախ հայաստանյան գրանցումից. «Եթե մարդուն պետք է դեղ, այդ մարդն այդ դեղը ճարելու է, Հայաստանում չլինի, պատվիրելու է, ինչ-որ մեկը շատ առանց ապահովման պայմանները պաշտպանելու ինչ-որ մի տեղեից բերելու է, պլյուս ճանապարհին դեղը փչացնելով` դեղի որակն ընկնելով, պետությանը հարկ չտալով ու անվերահսկելի ձևով: Իսկ թույլ տալու դեպքում բերում է մեծածախ առևտուր անողը, ընդ որում մեծածախի լիցենզիա Առողջապահության նախարարության կողմից տրված, ԱՆ թույլտվությանն է դիմում, թույլտվությունը ստանում է, այսինքն` միանշանակ դառնում է վերահսկելի»:
«Դա հնարավոր չէ»,- ասում է նախարար Անահիտ Ավանեսյանն ու հավելում՝ կառավարությունը մտադիր է զուգահեռ ներմուծման կարգավորումները պարզեցնել, բայց միայն Հայաստանում գրանցված դեղերի դեպքում։ Դեղ ներկրողների պնդումներն ու առաջարկները նախարարությունում չեն կիսում։ Դեղ ներկրողներն էլ պնդում են՝ մի քանի ամսից կերևա, թե այս բանավեճում ով էր ճիշտ։