Վրաստանը նոր արտգործնախարար ունի։ 2018 թվականից այդ պաշտոնը զբաղեցնող Դավիթ Զալկալիանիին փոխարինում է Իլյա Դարչիաշվիլին։ Վերջին մեկ տարվա ընթացքում նա զբաղեցնում էր կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Արդեն նախկին նախարար Զալկալիանին նշանակվել է Միացյալ Նահանգներում Վրաստանի դեսպան։
«Պարոն Զալկալիանին 30 տարվա դիվանագիտական փորձ ունի։ Նրա նշանակումը Վաշինգտոնում դեսպանի պաշտոնում նպատակ ունի նոր հարթության վրա բարձրացնել ռազմավարական դաշնակից հանդիսացող պետության՝ Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունները»,- այսօր հայտարարում էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Անդրադառնալով նորանշանակ նախարարի անձին վրացական կառավարության ղեկավարը ընդգծում էր. «Համոզված եմ, որ Իլյան հաջողված նախարար կլինի։ Այժմ մեր առջև լուրջ մարտահրավերներ են ծառացել և հարկավոր է ակտիվություն ցուցաբերել ազգային նպատակին հասնելու ճանապարհին»։