Մատչելիության հղումներ

Սերբիայի նախագահական ընտրություններում հաղթում է գործող նախագահ Վուչիչը


Սերբիայի գործող նախագահ
Սերբիայի գործող նախագահ

Սերբիայում կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ առաջին իսկ փուլում հաղթում է երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Վուչիչը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեների ավելի քան 87 տոկոսի հաշվարկից հետո Վուչիչը 59,5 տոկոս ունի։ Վերընտրության համար պայքարող նախագահի գլխավոր մրցակից Զդրավկո Պոնոշի օգտին, ըստ պաշտոնական տվյալների, քվեարկել է սերբ ընտրողների ավելի քան 17 տոկոսը։

Քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից հետո դիմելով կողմնակիցներին՝ Վուչիչը հայտարարեց, որ իր երկրորդ ժամկետի ընթացքում ևս կանի ամեն ինչ թե՛ Վաշինգտոնի, թե՛ Բրյուսելի և թե՛ Մոսկվայի հետ բնականոն հարաբերությունները պահպանելու համար։

«Մենք լավ, արժանապատիվ հարաբերություններ ունենք և կանենք ամեն ինչ դրանք պահպանելու համար։ Մենք այժմ պետք է տեսնենք, թե ինչ է հարկավոր անել [ռուսական] նավթի ներկրումների հետ կապված, առջևում են նաև գազի գնի շուրջ բանակցությունները։ Մենք շարունակելու ենք այն քաղաքականությունը, որը կարևոր է թե՛ եվրոպացիների, թե՛ ռուսների և թե՛ ամերիկացիների համար։ Մենք շարունակելու ենք ռազմական չեզոքության քաղաքականություն վարել, որևէ ռազմական դաշինքի չենք անդամակցելու», - հայտարարում էր Վուչիչը՝ հավելելով․ - «Ես ձեզ կարող եմ նաև երաշխավորել, որ որևէ մեկը Սերբիայում երբևիցե չի հեռացնի Դոստոևսկուն դպրոցական դասագրքերից, քանի որ Դոստոևսկին շատ ավելի մեծ է, քան ողջ աշխարհը միասին վերցված»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG