Մատչելիության հղումներ

Տաթև Աղաբաբյանը նշում է՝ մի կողմից դժվար է Երևանից հեռու ճանաչելի դառնալ, մյուս կողմից՝ միայն Լոռիում է «մուսան գալիս»


Լոռու մարզի Ալավերդի քաղաքում է ապրում ու ստեղծագործում Տաթև Աղաբաբյանը, որ տպագրել է իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ Նշում է, որ մի կողմից դժվար է մայրաքաղաքից հեռու հասանելի ու ճանաչելի դառնալ ընթերցողին, մյուս կողմից շեշտում, որ Լոռիում են միայն ծնվում իր բոլոր բանաստեղծությունները։

«Շատ սիրում եմ Երևանը, շատ հաճույքով եմ Երևանում քայլում, բայց գրվում է այստեղ, ես մեղավոր չեմ, մուսան գալիս է այստեղ, այնտեղ չի գալիս», - նշեց Աղաբաբյանը:

Նա ասում է՝ տարիներ շարունակ գրել է, հայտնի բանաստեղծների գովեստներին արժանացել, բայց չի համարձակվել դրանք ամբողջացնել ու տպագրել։ Մինչ համարել է, որ պատրաստ է ընթերցողին ներկայանալ. - «Սա պարզապես իմ հոգին դատարկելու միջոց է, ես ո՛չ գրող եմ, ո՛չ բանաստեղծ եմ, ես ընդամենը.... այդ ներսիս լացը վերածվեց բառի, ներսիս լացը բառերի միջոցով դուրս է գալիս»:

Ալավերդցի Տաթև Աղաբաբյանն իր առաջին «Իմ և իմ միջև» բանաստեղծությունների ժողովածուն տպագրել է 300 օրինակով։ Ասում է՝ գրախանութներին տվել է փորձնական՝ հասկանալու, թե որքանով հասարակությունը զգացական ու նուրբ բանաստեղծական խոսքի կարիք ունի։ Վաճառակետերից դեռ վաճառված գրքերի մասին լուր չունի, նախընտրում է նվիրել։

«Արձակ ստեղծագործությունները, ասում են, ավելի լավ են վաճառվում, քան բանաստեղծությունները, էդպես ինձ ասել են գրախանութում: Ավելի լավ է նվիրել, դրանից հաճույք ստանալ», - ընդգծեց նա:

Տաթևն ստեղծագործում է մի քաղաքում, որտեղ գրախանութներ չկան, գրքեր վաճառվում են միայն մի քանի խանութներում առանձնացված փոքրիկ անկյուններում։ Համոզված է, որ արժեքներն այսօր փոխվել են ու հատկապես երիտասարդները՝ հեռացել պոեզիայից. - «Այսօր բոլորս բողոքում ենք, որ նախանձը շատացել է, մարդիկ չարացել են, մարդիկ անընդհատ, ինձ թվում է, նաև այդ է պատճառը, որ մարդիկ հեռացել են քնքուշ խոսքից, սիրուն բառից: Պոեզիան քնքշացնում է հոգին, թրծում է հոգին: Ես մեր երեխաների քայլվածքի մեջ էլ եմ տեսնում կոպտություն ասեմ, անփութություն ասեմ, ինչ-որ իբր ազատություն ասեմ, պոեզիայի բացակայությունը զգացվում է»:

Նարինե Մուրադյանն Ալավերդու Վիքիակումբի համակարգողն է։ Մշտապես երիտասարդների հետ շփումների մեջ է։ Ասում է՝ գուցե ջահելներն այլևս չեն կարդում բանաստեղծություններ, բայց ավելի ինֆորմացված են, կարդալու և գրականության հետ շփվելու այլ միջոցներ են գործածում։

«Հիմա էլ կան երիտասարդներ, որոնք շատ կարդում են, սիրում են գրքեր կարդալ ու կարող եմ փաստել, որ վերջին շրջանում միտում է նկատվում, որ մարդիկ իրար գրքեր են նվիրում, ինքը, իհարկե, շատ գովելի ու շատ հաճելի փաստ է: Այն, որ գուցե երիտասարդները մի քիչ ավելի քիչ են կարդում, կարող է պայմանավորված լինել նրանով, որ փոխվել են արժեքները, կարդալու ձևերն ու միջոցները: Այսինքն գուցե իրենք ավելի շատ փորձում են հեռախոսից կամ էլ գաջեթներից կարդալ, բայց ասել, որ չեն կարծում, կարծում եմ, այդպես չէ», - ընդգծեց Մուրադյանը:

Մարզերի երիտասարդների համար այլ խնդիր է զարգանալու և ինքնակրթվելու սահմանափակ հնարավորությունը, ինչը հաճախ ստիպում է նրանց ձգտել դեպի մայրաքաղաք կամ արտերկիր, ասում է Նարինե Մուրադյանը. - «Մարզերի երեխաները չունեն այն հնարավորությունները, այն խմբակները, որ կարող են հաճախել ու ինքնակրթվել, թեպետ դա մի կողմից նպաստում է, որ իրենք են նախաձեռնում: Այսինքն եթե որևէ բան համայնքում չկա, երիտասարդները կարող են համախմբվել ու իրենք նախաձեռնել ու ստեղծել դա նաև իրենց ընկերների համար»:

Խորհրդային տարիներին Ալավերդի քաղաքում ապրել է ավելի քան 23 հազար մարդ, 2015-ի տվյալներով՝ այդ թիվը 10 հազարով նվազել է։ Տեղացիները նշում են, որ փաստացի բնակվողները գրեթե կրկնակի քիչ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG