Մատչելիության հղումներ

Հացադուլ հայտարարած կալանավոր Հրայր Սաֆարյանը պնդում է՝ իրեն անհիմն են պահում ճաղերի հետևում


Նուբարաշենի կալանավոր Հրայր Սաֆարյանը գրեթե մեկ ամիս է հացադուլի մեջ է: Խոշոր չափերի հափշտակության մեջ մեղադրվող տղամարդը պնդում է՝ իրեն անհիմն են պահում ճաղերի հետևում, պատշաճ քննություն է պահանջում։

Սաֆարյանը նախնական կալանքի տակ է արդեն մեկուկես տարի, այս ողջ ընթացքում դատական նիստերը տարբեր պատճառներով հետաձգվել են։ Լիարժեք դատական նիստ կայացավ երեկ՝ հացադուլից երեք շաբաթ անց։ հյուծված Սաֆարյանը կրկին պնդեց՝ չի հասկանում՝ ինչու է անազատության մեջ:

46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար։ Այս գործով ևս մեկ մեղադրյալ կա, միայն թե նա նախաքննության սկզբից էլ ազատության մեջ է։ Սաֆարյանի հանրային պաշտպանը երեկ միջնորդեց նաև նրա կալանքը վերացնել. «Հրայր Սաֆարյանի խափանման միջոց կալանքը, որպես այդպիսին, շարունակելու հիմքեր չկան»:

Միջնորդությունը մերժվեց։ Դատավոր Արման Հովհաննիսյանը պնդեց՝ մտավախություն չունեն, որ Սաֆարյանը կխոչընդոտի, կամ՝ կխուսափի քննությունից։ Պարզապես մեղադրյալը նախկինում էլ է նմանատիպ հանցանքներ գործել, և երաշխիքներ չկան, որ դրսում լինելով՝ կրկին օրենք չի խախտի:

«Ինչ երաշխիք ես կունենամ, որ դուք պատշաճ կապահովեք ձեր վարքագիծը, ասեմ ձեզ՝ ձեր հոդվածը այնպես չի, որ բնակարանային գողությունը ծանր է ու պետք է մնաք կալանքի տակ, ցույց կտամ, որ բազմաթիվ դրանից ավելի ծանր հոդվածներով ես խափանման միջոց կալանքը փոխել եմ, անձը հայտնվել է ազատության մեջ, բայց պետք է դա լինի խելամտության սահմաններում ու այս իմ որոշմանը ես ինքս հավատամ», - ասաց դատավորը:

«Շատ կարևոր է հասկանալ, որ դիմացինը մարդ է, մենք գործ ունենք մարդու հետ, անգամ եթե ինքը մի քանի անգամ սխալվել է, մի քանի անգամ հանցագործություն է կատարել, անգամ եթե ինքը մեղադրվում է ծանր հանցագործության մեջ, միշտ պետք է հասկանալ, որ մարդու մասին է խոսքը գնում», - նշեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

Կարապետյանցը, մինչդեռ, բազմաթիվ փաստեր է հիշեցնում, երբ դատարանները ոչ միայն ազատ են արձակել, այլև երկրից դուրս գալու թույլտվություն՝ նախկին պաշտոնյաների, որոնք մեղադրվում էին շատ ավելի ծանր հանցագործությունների համար։ Այս խտրականությունը հասկանալի չէ, ասում է նա:

«Արդարադատության համակարգը աշխատում է լավ այն ժամանակ, երբ որ ինքը կանխատեսելի է, դա չի նշանակում, որ մենք բոլոր որոշումները գիտենք, բայց առնվազն եթե դու ունես ելակետային էս, էս տվյալները, պիտի հասկանաս՝ կանխատեսելի է կալանքի խափանման միջոցը փոխել այլ խափանման միջոցի: Հայաստանի պայմաններում դա բացարձակ զրոյական անկանխատեսելի վիճակ է», - նշեց իրավապաշտպանը:

Սաֆարյանի գործը դատարան է մտել ղարաբաղյան երկրորդ պատերազմից առաջ՝ 2020-ի սեպտեմբերին։ Մեղավոր է նա, թե ոչ՝ հստակ չէ։ Դատական նիստերը անընդհատ ձգձգվել են․ երկու անգամ դատախազը չի ներկայացել, մեկ անգամ դատավորն է մեկնել արձակուրդի, մեկ ուրիշ անգամ էլ՝ վատառողջ եղել։ Ստացվում է՝ առանց մարդու մեղքն ապացուցելու պետությունը նրան մեկուկես տարի պահում է ճաղերի ետևում, փաստում է իրավապաշտպանը:

«Չարդարացված պահում են մարդկանց հատկապես այն դեպքերում, երբ որ օրինակ, նույն դատավորը գիտի, որ իր ծանրաբեռնվածությունը թույլ չի տալու գործը լսել, ասենք օրինակ, շաբաթը մեկ կտրվածքով, ինչպես լսում էին Մարտի 1-ի գործը, ինչպես լսում էին տարբեր աղմկահարույց գործեր: Եթե դատավորը գիտի, որ այդպիսի գրաֆիկով չի կարողանալու աշխատել, հատկապես կալանքի տակ գտնվող մարդկանց հետ, հետևաբար պետք է ինչ-որ միջոցներ ձեռնարկի, հետևաբար պետք է չափից դուրս հիմնավոր պատճառներ լինեն մարդուն տևական ժամանակ կալանքի տակ պահելու», - ասաց Կարապետյանցը:

«Ազատության» հետ զրույցում գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պնդեց, թե իրենք էլ են մտահոգ այս խնդրով ու պահում են այն ուշադրության կենտրոնում։

«Գլխավոր դատախազի կողմից հանձնարարություն է տրվել բոլոր դատախազներին, որպեսզի որևէ անհիմն պատճառով որևէ դատական նիստի չբացակայեն, միայն ուրջ հիմնավորումների, օբյեկտիվ պատճառների դեպքում է, որ դատախազը կարող է չմասնակցել կամ նախապես հայտնել դատավորին դատական նիստին չմասնակցելու վերաբերյալ», - ասաց Աբրահամյանը:

«Դատալեքս»-ի տվյալները, սակայն, վկայում են, որ առնվազն Սաֆարյանի գործով մեկ տարի առաջ՝ մարտի նշանակված նիստը չի կայացել «դատախազի աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով, հաջորդ նիստն էլ հետաձգվել է, քանի որ դատախազը տեղափոխվել է այլ վարչական շրջան»։ Գլխավոր դատախազությունից խոստանում են ուսումնասիրել այս գործով մանրամասներն ու բարձրացված հարցերը։

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից էլ տեղեկացրին՝ մոտ մեկ ամիս հացադուլի մեջ գտնվող Սաֆարյանը առողջությունից գանգատներ չի ներկայացրել ու հսկողության տակ է։ Կալանավորի հետ բացատրական աշխատանքներ են տարվում հացադուլը դադարեցնելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG