Երեկ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի ընթացքում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի կողմից առաջադրված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը:
Արտգործնախարարության լրատվականի փոխանցմամբ՝ բանաձևը, որ ավանդաբար ներկայացվում է Հայաստանի կողմից, գնահատելով ներկայիս վտանգներն ու մարտահրավերները, նախանշում է այն քայլերը, որոնք պետք է միասնականորեն իրականացվեն ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից ցեղասպանության արհավիրքը կանխելու, դրա ճանաչման, արդարության վերականգնման, փոխհատուցման, մեղավորներին պատժելու և հաշվետվողականություն ապահովելու ուղղությամբ:
Բանաձևը լայն աջակցություն է վայելում, ինչի վկայությունն է բոլոր հինգ տարածաշրջանային խմբերը ներկայացնող երկրների կողմից դրա համահեղինակումը, նշված է հաղորդագրությունում։
Այս տարի բանաձևն առաջ է քաշում այնպիսի խնդիրներ, ինչպիսին են հակամարտության ռիսկերի գնահատման և դրանք թույլ չտալուն ուղղված քայլերի ձեռնարկումը, նոր տեխնոլոգիաների չարաշահումը, այդ թվում` սոցիալական հարթակների միջոցով ապատեղեկատվության տարածման վտանգները, վերահաստատում է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի համընդհանուր վավերացումն ապահովելու անհրաժեշտությունը:
Բանաձևն առաջարկում է ՄԱԿ-ի շրջանակում կազմակերպել համաժողով, որը նվիրված կլինի Կոնվենցիայի 75-ամյակին: Համաժողովի ընթացքում նախատեսվում է նաև քննարկել սոցիալական հարթակների և դրանք որպես ատելության գործիք օգտագործելու անթույլատրելիությունը: