«Հարավային Օսիայի՝ Ռուսաստանին միանալու մասին հանրաքվեն որևէ իրավական ուժ ունենալ չի կարող», - համոզված են Թբիլիսիում։ Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին այս մասին հայտարարեց հինգշաբթի երեկոյան՝ իր դանիացի պաշտոնակցի հետ Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ։
«Իհարկե, մի իրավիճակում, երբ մեր տարածքներն օկուպացված են, հանրաքվեի մասին խոսելն անընդունելի է։ Այդ տարածքների օկուպացված կարգավիճակն ամրագրված է ոչ միայն քաղաքական, այլև իրավական հարթությունում։ Գոյություն ունի Ստրասբուրգի դատարանի վճիռը, այնպես որ՝ օկուպացիայի պայմաններում անցկացված որևէ հանրաքվե չի կարող իրավական ուժ ունենալ», - հայտարարում էր վրացական դիվանագիտության ղեկավարը։
Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի հետ միավորման հարցով հանրաքվե անցկացելու մտադրության մասին չորեքշաբթի օրը հայտարարեց ինքնահռչակ հանրապետության ղեկավար Անատոլի Բիբիլովը։ Հարավօսական իշխանությունների խոսքով՝ հանրաքվեն կարող է անցկացվել արդեն մայիսին։ Ցխինվալիում նաև կանխատեսում են, որ Ռուսաստանի կազմում հայտնվելու դեպքում Հարավային Օսիան կմիանա Հյուսիսայինին՝ Դաշնության մի նոր սուբյեկտ ձևավորելով, որն, ըստ ամենայնի, կկոչվի «Ալանիայի Հանրապետություն»։
«Օս ժողովրդի գլխավոր պատմական, ռազմավարական նպատակը մեկ պետության կազմում միավորվելն է։ Այդ պետությունը Ռուսաստանի Դաշնությունն է։ Կարծում եմ, որ Ռուսաստանի հետ միավորվելը մեր ռազմավարական նպատակն է, մեր ուղին և ժողովրդի ցանկությունը։ Եվ հենց այդ ճանապարհով էլ մենք շարժվելու ենք։ Համապատասխան իրավական քայլերին մենք կդիմենք մոտ ապագայում։ Հարավային Օսիայի Հանրապետությունը կլինի իր պատմական հայրենիքի՝ Ռուսաստանի Դաշնության կազմում», - հայտարարում էր Բիբիլովը։
Կրեմլում, սակայն, դեռ չեն շտապում մեկնաբանել հարավօսական իշխանությունների այս նախաձեռնությունը։ «Որևէ տեսակետ այս առթիվ հայտնել չեմ կարող։ Այս հարցով Ռուսաստանը որևէ իրավական կամ այլ տիպի քայլ չի ձեռնարկել», - երեկ հայտարարեց Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, միաժամանակ, որ Մոսկվայում հարգանքով են ընկալում օս ժողովրդի ցանկությունը։
Ծավալվող այս իրադարձությունների ֆոնին ուշագրավ են հատկապես Աբխազիայից հնչող հայտարարությունները։ Վրաստանից անջատված այս հանրապետության իշխանությունները երեկ շտապեցին հայտարարել, որ Հարավային Օսիայի օրինակին հետևել չեն պատրաստվում։
«Մենք ողջունում ենք ռուսաստանյան պետության կազմում Հյուսիսային Օսիայի հետ միավորվելու Հարավային Օսիայի ժողովրդի ցանկությունը։ Վստահ ենք, որ այդ քայլն ամբողջությամբ համապատասխանում է Հարավային Օսիայի բնակչության շահերին», - հայտարարում էր Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան՝ ընդգծելով, սակայն, որ Աբխազիան Ռուսաստանի կազմ մտնելու մտադրություն չունի և առաջիկայում ևս Մոսկվայի հետ հարաբերությունները կառուցելու է բացառապես երկկողմ պայմանագրերի հիման վրա։