Վրաստանից անջատված Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովն այսօր հայտարարել է, թե առաջիկայում իրավաբանական քայլեր կձեռնարկվեն Ռուսաստանի Դաշնությանն անդամակցելու ուղղությամբ:
Նա ասել է, թե միավորումը Ռուսաստանի հետ Հարավային Օսիայի «ռազմավարական նպատակն է»:
Ռուսաստանը 2008 թվականի կարճատև պատերազմից հետո օգոստոսի 26-ին ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը:
Թբիլիսին և միջազգային համայնքի գերիշխող մեծամասնությունն այդ երկու ինքնահռչակ կազմավորումների անկախությունը չեն ճանաչել:
Ապրիլի 10-ին Հարավային Օսիայում նախատեսված են նախագահական ընտրություններ: Հինգ թեկնածուների թվում է նաև Բիբիլովը:
Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Պետական Դումայի եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել է, թե «Հարավային Օսիան և Աբխազիան ունեն Ռուսաստանի կազմ մտնելու խնդրով հանրաքվեներ անցկացնելու իրավունք»:
Պետական դումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Արտյոմ Տուրովն ասել է, թե «օսերը բաժանված ժողովուրդ են, և միացումը Ռուսաստանին կընձեռի միավորված մեկ ժողովուրդ դառնալու հնարավորություն»:
Խորհրդային ժամանակաշրջանում Հարավային Օսիան եղել է Վրաստանի կազմում, իսկ Հյուսիսայինը՝ Ռուսաստանի կազմում:
Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովն այսօր ասել է, թե «Հարավային Օսիայի միացումը Ռուսաստանին կնշանակի պատմականորեն ռուսաստանյան ժողովուրդների ընտանիքի անդամ հանդիսացող օս ժողովրդի միավորում»:
Ենթադրվում է, որ Ռուսաստանին միանալու խնդրով Հարավային Օսիայում իրավաբանական գործընթացը կսկսվի ապրիլի 10-ի նախագահական ընտրություններից հետո: