Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Վարշավայում մարտի 26-ին ուկրաինացի փախստականների հետ հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «դահիճ» (butcher):
Հայրենիքից փախուստի դիմած մարդկանց հետ զրույցում Բայդենն ասել է, թե համոզված չէ, որ Պուտինը պատերազմում փոխել է ռազմավարությունը և կենտրոնացել Ուկրաինայի արևելյան շրջանների վրա:
Նախօրեին Ռուսաստանի բանակի գլխավոր շտաբը հայտարարել է, թե հետայսու հիմնական նպատակը Դոնբասի «վերջնական մաքրումն է նացիստներից»:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե Բայդենի վիրավորական մեկնաբանությունները սահմանափակում են երկու երկրների հարաբերությունները մեղմելու հնարավորությունը:
Բայդենը Վարշավայում զրուցել է ուկրաինացի փախստականների և նրանց օգնություն ցույց տվող բարեգործական միությունների աշխատակիցների հետ:
Այս պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայից հեռացել է մոտ 4 միլիոն մարդ՝ հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ:
Իշխանությունները զորակոչի տարիքի տղամարդկանց արգելում են դուրս գալ երկրից: Փախստականների մեծ մասին տեղավորել են հարևան Լեհաստանում: