Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասում միակ օդերևութաբանական կայանը, որտեղ զոնդարկում է կատարվում


Օդերևութաբանության և աերոլոգիայի առաջատար մասնագետ Անուշ Բերբերյանը ամեն օր, երեք ժամը մեկ չափում է օդի ջերմաստիճանը, խոնավությունը, դիտարկում ամպամածությունը, տվյալները հաղորդում է Օդրևութաբանական կենտրոն:

«Դիտարկման ժամ է, երբ վերցնում ենք տվյալները՝ չոր, թաց ջերմաչափերի, առավելագույն նվազագույն, օդի խոնավությունը, գրանցում ենք տետրում, հաշվարկներ ենք անում և փոխանցում կենտրոնին», - ներկայացրեց Բերբերյանը:

Աերոլոգիական կայաններում չափում են նաև մթնոլորտային ճնշումն ու արձանագրում քամու ուղղությունն ու ուժգնությունը: Հայաստանում օդերևութաբանական նման 45 կայան է գործում, նրանցից 23-ում տեղադրված են նաև ավտոմատ սարքեր, դրանք փոքրիկ տուփեր են, որ 10 րոպեն մեկ եղանակի մասին թարմ տվյալներ են փոխանցում օդերևութաբանական կենտրոն: Բոլոր այս տվյալները փոխանցվում են համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն: Այնտեղ են հավաքվում նման ցուցանիշներ ողջ աշխարհից, որոնց հիման վրա կազմվում են սինոպտիկական քարտեզներ: Այդ տվյալները համադրվում են նաև արբանյակներից արված լուսանկարների հետ, հատուկ վերլուծություն է կատարվում, որի հիման վրա կանխատեսվում է եղանակը:

«Այդ ամբողջ ինֆորմացիան հավաքագրվում է կենտրոններում և ստեղծվում են քարտեզներ, փաստացի եղանակի վերաբերյալ: Այդ փաստացի քարտեզների հիման վրա արդեն թվային մեթոդների օգնությամբ ստեղծվում են կանխատեսվող քարտեզներ, որոնց ուսումնասիրության ու համադրման արդյունքում կատարվում են կանխատեսումները: Բացի դրանից կանխատեսման համար կարճաժամկետ և գերկարճաժամկետ կանխատեսման համար մեծ նշանակություն ունի արբանյակային ինֆորմացիան», - ասաց Հիդրոօդրևութաբանության և մոնիտորինգի կենտրոն ՊՈԱԿ օդերևութաբանության պետ Սոնա Հայրապետյանը

Բացի երկրի մակերևույթից հավաքված տվյալներից և արբանյակային նկարներից, մասնագետները հետևում են նաև օդրեևութաբանական ռադարներին, դրանք ցույց են տալիս վտանգավոր եղանակային երևույթները. «Սրա միջոցով մենք կարողանում ենք կարկտային ու անպրոպային կանխատեսումները կատարել»:

Եղանակը կանխատեսելու համար օդերևութաբանները ուսումնասիրում են նաև, թե ինչ վիճակ է մթնոլորտի վերին շերտերում՝ 30 կիլոմետր բարձրության վրա։

«Ամեն օր մեր ժամանակով գիշերը 2:30 զոնդարկում է կատարվում, այսինքն զոնդը փուչիկի հետ կապում ենք ու բաց ենք թողնում մթնոլորտային շերտեր՝ մինչև 30 կմ ավելի կամ պակաս թռչում են ու վայրկյանը մեկ տվյալներ են գալիս ջերմաստիճանի, խոնավության, քամու արագության, ուղղության վերաբերյալ», - ասաց Անուշ Բերբերյանը:

Չափող սարքը վեր բարձրանալիս հավաքագրած տվյալները ուղարկում է օդերևութաբանական կենտրոնին։ Զոնդի բաց թողնման կոնկրետ ժամը համաձայնեցվում է Քաղաքացիական ավիացիայի հետ, որպեսզի նույն պահին նույն վայրով ինքնաթիռ չանցնի:

Հարավային Կովկասի տարածաշրջանում սա միակ նման կայանն է, որտեղից զոնդ է ուղարկվում երկինք: Զոնդի բաց թողնման վայրը որոշել է համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը, հենց այդ կազմակերպությունն էլ հոգում է ամեն օր դեպի մթնոլորտ նոր զոնդ անվերադարձ ուղարկելու ծախսերը:

«Հայաստանը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից նվեր է ստանում և օրական մեկ անգամ կարողանում է բաց թողնել, դա, ինչքանով ես եմ տեղյակ, 100 եվրոյի կարգի է», - նշեց Սոնա Հայրապետյանը:

Հիմա հաշվարկների և տվյալների վերլուծության մի զգալի մասը համակարգիչն է կատարում, բայց օրինակ 20 -րդ դարում, թե՛ քարտեզները, թե՛ հաշվարկները անում էին թղթի վրա: Առաջին սինոպտիկական քարտեզները սկսել են կազմել 1800 ականների կեսերից, իսկ 19-րդ դարավերջին արդեն ցարական Ռուսաստանն ու եվրոպական երկրները միմյանց էին ուղարկում եղանակային դիտարկումների մասին տեղեկությունները հեռագրի միջոցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG