Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, թե իրեն նույնիսկ նվազագույն չափով չի կարելի հակառուս համարել: Այդպես նա արձագանքել է Կրեմլի այն մեկնաբանությանը, թե Բրիտանիայի վարչապետը հակառուսական դիրքորոշում ունեցող ամենաակտիվ արևմտյան լիդերն է:
«Ինչ վերաբերում է պարոն Ջոնսոնին, մենք նրան համարում ենք հակառուսական մրցավազքի ամենաակտիվ մասնակիցը», - «Նովոստի» լրատվական գործակալությանն ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Բոլորի համար շատ կարևոր է ըմբռնել, որ թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ «Մեծ յոթնյակի» սեղանի շուրջ նստած ղեկավարներից և ոչ մեկը տրամադրված չէ Ռուսաստանի, կամ ռուս ժողովրդի դեմ, բացարձակ այդպես չէ, առնվազն իմ դեպքում, ես, թերևս, Բրիտանիայի պատմության ընթացքում միավ վարչապետն եմ, որին Բորիս են անվանել»,- ասել է Բորիս Ջոնսոնը:
Լոնդոնը և Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ են սահմանել Մոսկվայի նկատմամբ: ՆԱՏՕ-ն, «Մեծ յոթնյակը» և Եվրամիությունը երեկվա գագաթնաժողովներում հայտնել են, որ կշարունակեն օգնել Ուրաինային, սակայն չեն բավարարել սպառազենով օգնության ծավալը մեծացնելու և օդային տարածքը փակելու նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքները: