Մատչելիության հղումներ

Այսօր կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը


Այսօր երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնի բացման համերգը, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կներկայացվի երկու պրեմիերա։ Առաջին անգամ կհնչեն Մարտին Ուլիխանյանի «Հայկական սիմֆոնիկ պարեր» և Էլեն Յոլչյանի «Grace» ստեղծագործությունները։

Այս երեկո Արուս Աճեմյանի մենակատարմամբ կհնչի նաև Վարդան Աճեմյանի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Համերգի ընթացքում որպես մենակատար հանդես կգա նաև Գևորգ Գինոսյանը (բարիտոն)։

Արդեն 13-րդ անգամ անց կացվող այս փառատոնը հիմնադրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նաև փառատոնի գեղարվեստական ղեկավարն է։ Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Այս տարի առաջին անգամ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է Կոմպոզիտորների միության հետ համատեղ։

«Ազատության» հետ զրույցում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը, անդրադառնալով փառատոնի նպատակներին, ասաց. - «Փառատոնի տասներեք տարիների ընթացքում մենք հնչեցրել ենք հարյուր հիսունից ավելի կոմպոզիտորների ստեղծագործություններ, թվայնացրել ենք հարյուրից ավելի մեծակտավ ստեղծագործություններ՝ դրանք ձեռագրից սարքելով տպագիր և հնարավորություն ստեղծելով հետագայում կատարման համար, և թողնել կարևոր մշակութային ժառանգություն։ Ինչ վերաբերում է հանդիսատեսին, իհարկե, սա պրոֆեսիոնալ փառատոն է, սակայն միշտ համերգային ծրագրերում մենք ընդգրկում ենք այնպիսի ստեղծագործություններ, որոնք կհետաքրքրեն ունկնդրին, որովհետև միայն ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները, ցավոք, ունկնդրի լայն շրջանակներին չեն հետաքրքրի։ Այդ իսկ պատճառով մեր համերգները ունեն որոշակի թեմատիկ անվանումներ։ Առաջին համերգը կոչվում է «Հայկական պարեր, պրեմիերա»։ Հայկական սիմֆոնիկ պարեր։ Հետաքրքիր կլինի մեր ունկնդրի համար ունկնդրել իրենց հայտնի այդ պարային մեղեդիները սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Երկրորդ համերգը կոչվում է «Հերոսական բալլադ», Առնո Բաբաջանյանի համանուն Դաշնամուրի և նվագախմբի կոնցերտի անունով, որը նույնպես հուսով ենք, որ կգրավի հանդիսատեսի մեծ մասին։ Իսկ երրորդ համերգը կոչվում է «Հարյուրամյակ. Էդուարդ Բաղդասարյան և Օհան Դուրյան»»։

Այս տարիների ընթացքում փառատոնի ժամանակ հնչած 20-21-րդ դարերի հայ կոմպոզիտորական արվեստի ստեղծագործությունները նաև ձայնագրվում են, տեսագրվում և պահպանվում ապագա սերունդների համար։ Նվագախմբի ջանքերով նաև բազմաթիվ ստեղծագործություններ նոր կյանք են ստանում՝ փրկվելով անհայտությունից։

«Ցավոք, ունեքն շատ կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք արժեքավեր են, սակայն կա'մ նոտաները չեն պահպանվել, կ'ամ դրանց մասին ինֆորմացիա մեզ հասու չէ, միայն դրանց մասին իմանում ենք երաժշտագետներից կամ Վիկիպեդիայից, որ կա այսպիսի ստեղծագործություն։ Բայց դրանք չեն կատարվել, և նույնիսկ դրանց գեղարվեստական արժեքը ստուգելու հնարավորություն չունենք, քանի որ չկան նաև ձայնագրություններ։ Այդպիսի մի ստեղծագործություն էր, օրինակ, Էդվարդ Միրզոյանի «Լոռեցի Սաքո» սիմֆոնիկ պոեմը, որը մեկ անգամ է կատարվել, բայց այն կարևոր տեղ ունի հայ կոմպոզիտորական արվեստում։ Եվ այդ ստեղծագործությունը արդեն երկու անգամ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնում հնչել է և արժանացել մեր հանդիսատեսի բուռն ծափողջույններին։ Նաև ձայնագրել ենք, որ դա լինի նաև համացանցում, և կարողանանք մեր կոմպոզիտորների արժեքավոր ստեղծագործությունները ներկայացնենք և ցույց տանք մեր հայկական կոմպոզիտորական արվեստը, մեր դիմագիծը։ Որովհետև եթե դրանք կոմպոզիտորների արխիվում են, դրանց մասին ոչ ոք տեղյակ չէ։ Այսպիսով ևս մեկ անգամ հնչում են հայ կոմպոզիտորների անունները, դառնում են ավելի հայտնի ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում, որովհետև շատ նվագախմբերից հաճախ ստանում ենք խնդրանքներ ուղարկել այս կամ այն կոմպոզիտորի ստեղծագործությունների նոտաները, որպեսզի իրենց էլ իրենց համերգաշրջաններում ընդգրկեն», - ասաց Բալբաբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG