Ռուսաստանն ու Ուկրաինան երկու անգամ գերիների փոխանակում են իրականացրել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«ՌԴ պաշտպանության նախարարչությունն ամեն օր մարդասիրական միջանցքներ է կազմակերպում և տարհանում խաղաղ բնակիչներին: Բացի այդ, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների երկու փոխանակում է իրականացվել», - ասել է ռուսաստանցի պաշտոնյան։
Թե երբ է տեղի ունեցել գերիների փոխանակումը, քանի մարդ է փոխանակվել, Զախարովան չի հստակեցրել։
Կրեմլը նույնպես գերիների փոխանակման մասին տեղեկություն չի հայտնել։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը խորհուրդ է տվել այդ հարցով ռազմական գերատեսչությանը դիմել։
Անցած շաբաթ հաղորդվել է, որ 9 ռուս զինվորների դիմաց ռուսական կողմը համաձայնել է ազատ արձակել Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆյոդորովին։ Փոխանակում պաշտոնապես տեղի է ունեցել, թե ոչ՝ հստակ չէ։
Մարտի 21-ին Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան RT-ի եթերում հայտարարել է, որ Մոսկվան ավելի քան 500 ուկրաինացի ռազմագերիների մասին տվյալներ է փոխանցել Միջազգային Կարմիր Խաչին։
Ավելի վաղ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը ТСН-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ուկրաինական գերության մեջ է 562 ռուս։
Այս հայտարարությունները հնարավոր չէ ստուգել ակտիվ ռազմական գործողությունների պայմաններում։
ՌԴ ՊՆ-ը խոստովանել է, որ կան գերիներ, սակայն նույնիսկ մոտավոր թիվ չի հայտնել։