Մատչելիության հղումներ

Պուտինը և Մակրոնը հերթական անգամ հեռախոսով քննարկել են Ուկրաինայի պատերազմի հարցը


Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանյուել Մակրոնը բանակցում են Կրեմլում, Մոսկվա, 7-ը փետրվարի, 2022թ․
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանյուել Մակրոնը բանակցում են Կրեմլում, Մոսկվա, 7-ը փետրվարի, 2022թ․

Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները հեռախոսով քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ռուս-ուկրաինական բանակցությունների և գերիների փոխանակման հարցերը:

«Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանյուել Մակրոնի հեռախոսազրույցը: Շարունակվել է մտքերի փոխանակությունը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ», - ասվում է Կրեմլի հաղորդագրությունում:

BFM հեռուստակայանը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը, հայտնել է, որ Մակրոնը Պուտինին հորդորել է անհապաղ դադարեցնել կրակն Ուկրաինայում:

«Չկա որևէ այլ լուծում, քան կրակի դադարեցումը», - ասել է Մակրոնը Պուտինին:

Հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ: Ըստ Ելիսեյան պալատի, Փարիզը մտադիր է շարունակել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ջանքերը:

Մակրոնը երեքշաբթի օրը հեռախոսով զրուցել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Մակրոնի և Պուտինի նախորդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել մարտի 18-ին:

Մակրոնը փետրվարի 7-ին այցելել է Մոսկվա, որտեղ բանակցել է Պուտինի հետ, իսկ հաջորդ օը մեկնել է Կիև, որտեղ հանդիպել է Զելենսկու հետ:

Դրանից հետո Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները մի քանի անգամ Ուկրաինայի հարցը հեռախոսով են քննարկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG