Մատչելիության հղումներ

Պետդումայում առաջարկում են ՌԴ կինոթատրոններում արևմտյան ֆիլմերը փոխարինել չինական, հնդկական, ղազախական և ուզբեկական ֆիլմերով


Պետական դումայի մշակույթի հանձնաժողովի փոխնախագահ Ելենա Դրապեկոն, արխիվ
Պետական դումայի մշակույթի հանձնաժողովի փոխնախագահ Ելենա Դրապեկոն, արխիվ

Պետական դումայի մշակույթի հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ, դերասանուհի Ելենա Դրապեկոն ասել է, որ պատգամավորները քննարկում են Ռուսաստանի կինոթատրոններում ցուցադրվող ամերիկյան և արևմտյան այլ երկրների արտադրած ֆիլմերը չինական, հնդկական, ղազախական և ուզբեկական ֆիլմերով փոխարինելու հնարավորությունը:

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի նախաձեռնած պատերազմի կապակցությամբ մի շարք արևմտյան ընկերություններ՝ Sony-ն, Walt Disney Company-ն, Paramount-ը և Warner Bros-ը հայտնել են ռուսական շուկայից հեռանալու մասին:

Հոլիվուդյան կինոստուդիաները չեղարկել են իրենց ֆիլմերի պրեմիերաները և հայտնել են, որ այլևս իրենց կինոարտադրանքը չեն ուղարկի ռուսական կինոշուկա:

Ելենա Դրապեկոն մտադիր է Ռուսաստանի մշակույթի նախարարության հետ քննարկել չինական, հնդկական, ղազախական և ուզբեկական կինոարտադրանքով արևմտյան ֆիլմերը փոխարինելու գաղափարը:

«Ես եղել եմ Չինաստանում, տեսել եմ հրաշալի ֆիլմեր, դրանք Ռուսաստանում չեն ցուցադրվում, ափսոս, դրանք ոճով, տրամադրությամբ շատ հասկանալի և մատչելի կլինեն մեր կինոսիրողի համար: Պետք է մտածել նման ֆիլմեր գնելու մասին»,- ասել է Դրապեկոն:

Նրա համոզմամբ, արևմտյան կինոընկերությունների Ռուսաստանին հայտարարած բոյկոտը միայն կնպաստի ռուսական կինոարվեստի զարգացմանը և ռուս կինոսիրողին կընձեռի ԱՊՀ տարածքում նկարահանված ֆիլմեր տեսնելու հնարավորություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG