Նոբելյան Խաղաղության մրցանակի 2021 թվականի դափնեկիր, «Նովայա գազետա» ռուսական պարբերականի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը մեդալը կներկայացնի աճուրդի և ստացված եկամուտը կփոխանցի ուկրաինացի փախստականներին:
Մուրատովը ռուս-ուկրաինական պատերազմի կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, փոխանակել գերիներին և զոհվածների դիակները, բացել մարդասիրական միջանցքները և օգնություն տրամադրել փախստականներին:
Մուրատովը կոչ է արել աճուրդի տներին արձագանքել առաջարկին և իրականացնել Խաղաղության դափնեկրի մեդալը վաճառքի ներկայացնելու նախաձեռնությունը:
Ռուսական պարբերականի գլխավոր խմբագիրը Ֆիլիպիններից լրագրող Մարիա Ռեսսայի հետ միասին է վաստակել 2021 թվականի Նոբելյան Խաղաղության մրցանակը: Երկու լրագրողներն այդ պատվին են արժանացել «կարծիքների ազատությունը պաշտպանելու համար, քանի որ դա է խաղաղության և դեմոկրատիայի պայմանը»: