Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկում է փոփոխել Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը, որ վարչապետն ու արտաքին գործերի նախարարը հաշվետու լինեն խորհրդարանին։
«Որպեսզի էլ ոչ մեկը երբեք լկտիություն չունենա ասել` ինչ պետք է` դա էլ բանակցում ենք», - ասաց Հայկ Մամիջանյանը:
«Պատիվ ունեմ»-ն օրենսդրական նախաձեռնությունը քննարկելու նպատակով Ազգային ժողովում այսօր լսումներ էր հրավիրել։ Նախագծի զեկուցող Հայկ Մամիջանյանը մանրամասնեց` առաջարկում են, որ վարչապետն ու արտգործնախարարը երեք կամ վեց ամիսը մեկ զեկույց ներկայացնեն արտաքին հարցերով բանակցային գործընթացի մասին, իսկ հետո պատգամավորների 25 տոկոսի ստորագրությամբ նրանք հրավիրվեն Ազգային ժողով` փակ նիստում հարցերին պատասխանելու։
«Որպեսզի երբեք Ազգային ժողովը, որը առաջնային մանդատը կրող կառույց է, որը ներկայացնում է մեր ժողովուրդը, այլևս երբեք չհայտնվի լուսանցքում բանակցային կարևորագույն որոշումների կայացման ժամանակ», - ասաց նա:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այս նախագծի ընդունումը խիստ կարևոր է համարում այս փուլում։ Ադրբեջանը նոր սկզբունքներ է առաջ քաշում, ըստ ընդդիմության՝ Արցախից հրաժարվելու սկզբունքներ, իսկ բանակցությունները վարում են այն նրանք, որոնց քաղաքականության հետևանքով Արցախն ու Հայաստանը հասել են աղետալի վիճակի, հայտարարեց Վանեցյանը։
«Մենք ստիպված պետք է ընդունենք և փորձենք լուծումներ գտնել մի իրավիճակում, երբ Հայաստանում ամենօրյա կտրվածքով ճակատագրական որոշումներ են կայացնում, բանակցություններ են վարում, պայմանավորվածություններ են ձեռք բերում մարդիկ, որոնք մեզ բոլորիս միգուցե միտումնավոր, միգուցե չհասկանալով բերեցին և հասցրեցին այս աղետալի վիճակին», - նշեց Վանեցյանը:
«Պատիվ ունեմ» խմբակցության լսումներին հրավիրվել էին արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, նախկին պատգամավորներ, քաղաքական գործիչներ։
Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կասկածում է, որ իշխող ուժը կողմ կլինի օրենսդրական այս փոփոխությանը. «Իրենք ավելի շուտ հաշվետվություն կտան Ալիևին և Միլի մեջլիսին, քան Հայաստանի խորհրդարանին կամ Հայաստանի հասարակությանը, բայց ես կարծում եմ, որ Արցախը վերջնականապես կորցնելու հետհաշվարկը սկսված է. մենք հապաղելու ժամանակ չունենք»:
«Սա զուտ ընդդիմության քմահաճույքը չէ, սա քաղաքացիների իրազեկվածության խնդիր է», - կարծում է արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը:
Մյուս խմբակցություններից լսումներին մասնակցում էր միայն ընդդիմադիր «Հայաստանը»։ Իշխանական «Քաղաքացիական պայմանագիրը» դահլիճում չէր։ «Նպատակահարմար չենք համարել, ոչ մի տեղ տանող քննարկում է, - հիմնավորեց իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, - ի՞նչ է նշանակում` 6 ամիսը մեկ վարչապետն ու արտաքին գործերի նախարարը հաշվետու լինեն: Երկու շաբաթը մեկ ամբողջ կառավարության կազմը հաշվետու է լինում հասարակությանը և բոլոր պատգամավորներին»:
Հարչյա Հակոբյանն օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չի տեսնում։ Ինչո՞ւ են հիմա հաշվետվություն պահանջում, երբ վարչապետը համաձայնեց փակ հանդիպման, ընդդիմադիրները մերժեցին, հիշեցրեց նա. «Չգիտես` ինչու պատգամավոր Հայկ Մամիջանյանը նպատակահարմար չի գտնում այդ հայտարարությունը հիշել»:
Ընդդիմադիրների մտահոգությունը, թե բուն բանակցությունները պատգամավորներից թաքցնելով իշխանությունը հանրության թիկունքում հերթական փաստաթուղթը կստորագրի, Հակոբյանն անհիմն է համարում։ Իշխանական պատգամավորը վստահեցնում է՝ հանրությունը կիմանա այն, ինչ հրապարակման ենթակա է։