Մատչելիության հղումներ

Իրավապահները բռնարարի հանդեպ հանդուրժող են, որպես հետևանք՝ աճում են ընտանեկան բռնության դեպքերը. իրավապաշտպան


Ողջ գիշեր սպասել է՝ մինչև լույսը բացվի, նախկին կինը աշխատանքի գա, մոտեցել է, հեռացրել ճանապարհից, նռնակը ձեռքին փաթաթվել ու պայթեցրել իրեն էլ, նախկին կնոջն էլ։ Այս ողբերգության վայրում հիմա ծաղիկներ կան:

Որ ամուսինը տևական ժամանակ նախկին կնոջը հետապնդում է, որ վնասի, սպանի, ոչնչացնի, պայթեցնի, շատերը գիտեին: «Հայրս ինքն էր բարձրաձայնում այդ մասին», - ասում է Նելլիի ու Արտակի 4 որդիներից ավագը: Ոստիկանության բաժանմունք տասնյակ դիմումներ են տարել, ոչ մի հետևանք:

Դեպքի վայրը
Դեպքի վայրը

«Երկու տասնյակը գերազանցող դեպքեր՝ այդ սպառնալիքների ապացույցներով, գալով անհանգստացնելով, անգամ մի դեպք ա եղել, որ ոստիկանների հետ ա խոսել ու ասել ա, որ «մեկ ա դա ինձ չի խանգարելու, ես անելու եմ էն, ինչ ուզեմ»: Ինքը հեռախոսով զանգել ա, ոստիկաններին էդ ամեն ինչը ասել ա: Դրանից հետո ինձ չի թվում, որ ինչ-որ ապացույց ա պետք, որ էդ մարդիկ հասկանային, շարժվեին տեղից: Ոչ մի բան», - պատմեց տղան:

Նախորդ տարեվերջին էլ հայրը ինքնաշեն զենքով էր հարձակվել: «Ոստիկանությունը դարձյալ ոչ մի քայլ չձեռնարկեց մեր ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար», - պատմում է տղան:

«Իրան զենքով գտել են, որ եկել էր հարձակվել էր, փորձել էր սպանության փորձ աներ ու դրանից առաջ զգուշացրել էր, որ անելու ա նման բան, իրանք եկել էին, անգամ բռնել էին էդ ժամանակ, երեք ժամ հետո բաց էին թողել», - ներկայացրեց նա:

Ոստիկանությունը անհետաձգելի միջամտության որոշումներ էր կայացրել, այսինքն՝ Արտակին արգելվել է մոտենալ Նելլիին, շփվել, զանգահարել։ Տղան ասում է՝ այդ որոշումները միշտ խախտվել են, հայրը շարունակել է հետապնդել, սպառնալ, իսկ ոստիկանությունն այդ ամենը շարունակել է անարձագանք թողնել, մինչև որ տեղի ունեցավ ճակատագրական պայթյունը. «Կանչում էին, ժամերով գրում-գրում էին, վերջում ասում էիր՝ բայց սա ի՞նչ օգուտ ա տալու, «դե տեսնենք, չգիտենք»:

Գուցե հայրը հոգեկան առողջության խնդիրներ ուներ՝ տղան, որ հիմա բժշկական կրթություն է ստանում, այդպիսի կասկածներ ունի: Ասում է՝ բազմիցս է հոր հետ խոսել, խոստացել, որ կկանգնի կողքին, եթե նա դադարեցնի բռնությունները, սպառնալիքները, մորը հանգիստ թողնի՝ բուժում սկսի, չի ստացվել: Փաստն այն է, որ բռնության այս տևական պատմության մասին ահազանգերը բազմաթիվ են եղել, արձագանքը՝ զրո:

«Պետք ա անպայման հետաքննություն սկսվի անգործությունը գտնելու, հաստատելու կամ հերքելու համար: Իմ ցավը ոչ մի տոկոսով չի մեղմանալու այդ ամեն ինչից, բայց իմ նպատակն ա, որ կարծում եմ հասարակության մեջ, ցավոք սրտի, կլինեն նման դեպքեր ևս, որ հաջորդ անգամ դիմում -բողոք ներկայացնելու ժամանակ ոստիկանությունը ուղղակի գումար չաշխատի ընդեղ նստած, այլ մարդկանց գործերով զբաղվի», - ասաց Նելլիի ու Արտակի տղան:​

Ոստիկանությունից միակ պատասխանն այն է, որ ծառայողական քննություն կանեն՝ կստուգեն ոստիկանների գործողությունները։ Այսքանը:

Մահացու պայթյունից օրեր առաջ հուսահատ կինը նաև կանանց աջակցման կենտրոն է դիմել՝ պատմել ամուսնու սպառնալիքների մասին, բացատրել, որ այդ ամենը իրական է:

«Վտանգի աստիճանը գնահատել ենք շատ բարձր»,-ասում է կենտրոնի համակարգող Հասմիկ Գևորգյանը, առաջարկել ենք երեխաների հետ տեղափոխվել գաղտնի ապաստարան, որպեսզի բռնարարը չգտնի նրանց, չի համաձայնել. «Մեր մոտ էնպես ա, ոնց որ բժիշկը քեզ բուժում առաջարկի, դու ես որոշում այդ բուժումն ընդունել կամ չընդունել: Բժիշկն այստեղ որևէ լծակ չունի՝ քեզ ստիպելու, որ դու բուժումն ընդունես»​:

Նելլին ապաստանից հրաժարվել է, քանի որ չի ցանկացել, որ տղաների կրթությունը տուժի. սա փակ, ելումուտի արգելքով կացարան է: Որդին ասում է՝ մոր միտքը միայն երեխաներով էր զբաղված՝ նախկին ամուսնու սպառնալիքներից փրկություն էր փնտրում միայն իրենց մենակ չթողնելու համար. «Մաման մենակ վախեցել ա իրա էրեխեքին մենակ չթողնելուց, որովհետև իրա կյանքի միակ նպատակն ա եղել համախմբված ընտանիքը, էրեխեքի կրթությունը, ուսումը»:

Ի դեպ՝ ընտանեկան բռնության ենթարկվող կանանց համար պետությունը աջակցության կենտրոններ է ձևավորել Երևանում ու մարզերում: Ընտանեկան բռնությունը քրեականացված չէ, բռնության կանխարգելման մեխանիզմները պիտի գործեին, ասում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

«Ոստիկանությունը խորությամբ չի գնահատում դեպքը և այն բոլոր հետևանքները, որոնք կարող էին առաջանալ», - ասաց իրավապաշտպանը:​

Զարուհի Հովհաննիսյանը շեշտում է՝ իրավապահ համակարգի ծառայողները որպես կանոն կանանց ահազանգերին լուրջ չեն վերաբերվում՝ խնդիրը փնտրում են հենց կնոջ մեջ։ Բռնարարի հանդեպ հանդուրժող են, որպես հետևանք՝ ամեն տարի աճում ու աճում են ընտանեկան բռնության դեպքերը:

«Թե՛ պաշտոնական հաղորդագրությունները, որոնք հրապարակվում են Քննչական կոմիտեի, ոստիկանության և դատական դեպարտամենտի կողմից ու թե՛ մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ տենդենցը գնում է դեպի ավելացում և ոչ թե դեպի նվազում», - նշեց Հովհաննիսյանը:​


Նախորդ տարի ընտանեկան բռնության վերաբերյալ 556 գործ է քննվել Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում։ Համեմատության համար՝ 2018-ին բռնության 519 գործ է եղել, 2020 թվականի վիճակագրությունը ամենատագնապեցնողն է՝ մեկ տարում 730 քրեական գործ: Սա քովիդով պայմանավորված խիստ սահմանափակումներով տարին է, ընտանիքի անդամները միմյանց հետ ավելի շատ, այսպես ասենք, ժամանակ են անցկացրել՝ ավելացնելով սպանության, ծեծի, խոշտանգումների վիճակագրությունը։

Նելլին ու Արտակը հուղարկավորված են նույն գյուղի նույն գերեզմանոցում, բայց նրանց շիրիմները իրարից շատ հեռու են: Նելլիի որդին ասում է՝ 10 -ամյա եղբայրը անընդհատ հարցնում է՝ «մայրիկին հիմա անհանգստացնող չկա, չէ՞»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG