Լատվիայի իշխանությունները երկրից արտաքսում են ռուսաստանյան դեսպանատան երեք աշխատակիցների` «դիվանագիտական կարգավիճակին հակասող գործունեության» պատճառով։ Այս մասին Թվիթերում գրել է Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը։
Նմանատիպ որոշում է ընդունել նաև Էստոնիան. այդ երկրի դիվանագիտական գերատեսչության համաձայն` անցանկալի անձ են ճանաչվել երեք ռուսաստանցիներ, որոնք դիվանագիտական կարգավիճակ ունեն։ Տալլինը պնդում է, որ ռուսաստանցի պաշտոնյաների «անմիջական և ակտիվ» գործողությունները սպառնալիք են հանդիսացել Էստոնիայի անվտանգությանը և ռուսաստանյան քարոզչություն են տարածել։
Դիվանագետներին 72 ժամ է տրվել այդ երկրները լքելու համար։ Իր հերթին Լիտվան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետների արտաքսման մասին:
Այսօր ավելի վաղ Բուլղարիայի իշխանություններն անցանկալի անձ են հռչակել Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության 10 աշխատակցի՝ «դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելի գործողությունների համար»: