Մատչելիության հղումներ

Զելենսկի․ «Տպավորություն է ստեղծվում, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով հիպնոսացված վիճակում է»


Պատերազմի 20-րդ օրը Կիևում սկսում են հասկանալ, որ Հյուսիսատլանտյան դաշինքի դռները Ուկրաինայի համար փակ են։ Այսօր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Եվրոպայի պետությունների ղեկավարների հետ հեռավար հանդիպման ժամանակ նման խոստովանությամբ հանդես եկավ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք։ Մենք դա հասկանում ենք, մենք ադեկվատ մարդիկ ենք։ Տարիներ շարունակ մենք լսում էինք, որ դաշինքի դռները մեզ համար բաց են, բայց արդեն լսեցինք, որ ՆԱՏՕ մուտք չենք գործելու։ Դա է ճշմարտությունը, և դա պետք է ընդունել։ Ես ուրախ եմ նաև, որ մեր ժողովուրդը ևս դա սկսել է հասկանալ և այժմ հույս է դնում միայն իր ուժերի վրա, - հայտարարել է Զելենսկին՝ պնդելով,- տպավորություն է ստեղծվում, որ դաշինքը կամ դրա որոշ անդամներ Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով հիպնոսացված վիճակում են»:

Ուկրաինայի նախագահի այս հայտարարությունը հնչեց շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների ֆոնին։ Ինչպես և նախորդ գիշեր, այս գիշեր ևս Կիևը ռուսական հրետանու թիրախում էր։ Բայց եթե նախօրեին ռուսական ռումբերը հարվածել էին ուկրաինական մայրաքաղաքի հյուսիսում գտնվող Օբոլոնի շրջանի բնակելի շենքերից մեկին, ապա այս գիշեր պայթյունները հնչեցին Կիևի կենտրոնին շատ ավելի մոտ՝ Պոդոլի և Սվյատոշինի շրջաններում, ինչպես նաև «Լուկյանովկսայա» մետրոյի կայարանի հարևանությամբ։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկություններով` գիշերային հրետակոծությունների հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է։

Գիշերային հրետակոծություններից մի քանի ժամ անց Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարեց մայրաքաղաքում 36-ժամյա պարետային ժամ հայտարարելու որոշման մասին։
«Այժմ շատ բարդ և վտանգավոր պահ է, ուստի զինվորական պարետի հրամանով այսօր` երեկոյան ժամը ութից մինչև մարտի 17-ի առավոտյան ժամը յոթը, Կիևում պարետային ժամ կհայտարարվի։ Տնից դուրս գալ հնարավոր կլինի միայն հատուկ անցագրերով կամ էլ օդային տագնապի դեպքում՝ ապաստարան հասնելու համար», - ասել է Կիևի քաղաքապետը։

Անցած գիշեր անհանգիստ էր նաև Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Խարկովում, որտեղ տեղի ունեցած գիշերային հրետակոծությունների հետևանքով յոթ մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է «Ազատության» ուկրաինական ծառայությունը։ Խարկովցի փրկարարների խոսքով` հրետակոծության հետևանքով քաղաքի կենտրոնական շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել։

«Ինտերֆաքս Ուկրաինայի» փոխանցմամբ էլ` անցած անցած գիշեր հեռահար հրթիռներով վնասվել է երկրի մեծությամբ չորրորդ քաղաքի՝ Դնեպրի(նախկին Դնեպրոպետրովսկ) օդանավակայանը, երկու թռիչքուղիները շարքից հանվել են, ավերածութjուններ կան նաև մարդատար տերմինալում։

Ռուսական կողմը հաղորդում է Ուկրաինայի հարավում արձանագրած նոր հաջողությունների մասին։

«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը լիակատար վերահսկողություն են սահմանել Խերսոնի մարզի ողջ տարածքի նկատմամբ», - ամենօրյա բրիֆինգի ժամանակ այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Հիշեցնենք, որ Խերսոն մարզկենտրոնը ռուսական ուժերի վերահսկողության տակ էր անցել պատերազմի առաջին իսկ օրերին։ Այժմ, սակայն, պաշտոնական Մոսկվան հաստատում է, որ վերահսկում է ողջ մարզը, որի տարածքը 28 հազար քառակուսի կիլոմետր է կազմում։ Այսպիսով, եթե հավատանք ռուսական հրամանատարությանն, ապա ռազմաճակատի գիծն այժմ անցնում է Դնեպրոպետրովսկի մարզի վարչական սահմաններով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայրենի Կրիվոյ Ռոգ քաղաքից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա։

Ռուսաստանյան բանակի հրամանատարությունը նաև պնդում է, որ երկրի ռազմաօդային ուժերը շարունակում են գերիշխել ուկրաինական երկնքում։

«Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ավիացիան և ՀՕՊ ուժերը խոցել են 16 օդային թիրախ։ Դրանց թվում են մեկական Սու-24 և ՍՈւ 25 օդանավեր, մեկ Մի-8 ուղղաթիռ, ինչպես նաև 13 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում` վեց միավոր «Բայրաքթար», - հայտարարում է Իգոր Կոնաշենկովը։

Շարունակվող ռազմական գործողություններին զուգահեռ չի դադարում նաև ուկրաինացի փախստականների հոսքը հարևան երկրներ: Պաշտոնական Վարշավայի տեղեկություններով` Ուկրաինայից Լեհաստան ժամանած փախստականների թիվը արդեն իսկ գերազանցել է երեք միլիոնը։ Նրանցից ոմանք արտերկրում ևս փորձում են օգտակար լինել ուկրաինական բանակին։ Կրակովի գրադարարններից մեկում, օրինակ, մի խումբ ուկրաինուհիներ իրենց միացած լեհ կամավորների հետ սկսել են ցանցեր գործել՝ ուկրաինական զրահատեխնիկան և ՀՕՊ համակարգերը օդում գերիշխանություն ունեցող ռուսական զորքերից քողարկելու հույսով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG