Մատչելիության հղումներ

«Հովեր» երգչախումբը «Պարզ ու հասարակ բաներ» խմբերգային ներկայացմամբ կնշի հիմնադրման 30-ամյակը


«Հովեր» երգչախմբի հիմնադիր Սոնա Հովհաննիսյան
«Հովեր» երգչախմբի հիմնադիր Սոնա Հովհաննիսյան

Այսօր երեկոյան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Հովեր» պետական կամերային երգչախումբը նշում է հիմնադրման 30-ամյա հոբելյանը՝ հանդիսատեսի դատին հանձնելով «Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» խորագրով խմբերգային ներկայացում՝ հիմնադիր դիրիժոր Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ։

Խմբերգային այս ստեղծագործության կոմպոզիտորը Վաչե Շարաֆյանն է, ռեժիսորը՝ Նարինե Մալյանը։ Նախագիծն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Պրեմիերայից առաջ «Հովեր» պետական կամերային երգչախմբի հիմնադիր ղեկավար, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ընդգծեց. - «Խմբերգային ներկայացումը ժանր է, որը շատ մեծ տարածում չունի, համարյա գոյություն չունեցող ժանր է, որի շրջանակներում «Հովերը» աշխատել է իր առաջին իսկ համերգներից։ Իհարկե լինելու են բեմադրված համերգներ, և ունենք երգչախմբեր, որոնք առանձին համարներ բեմադրում են, բայց ամբողջական ներկայացումներ միայն մենք ունեինք։ Սկսած Այգեկցու «Վեց առակներից», այնուհետև «Զուգահեռ» ներկայացումը Աննա Ազիզյանի և հետո սա։ Այս ժանրը օրենքներ ունի, որոնցից ամենակարևորը նա է, որ այստեղ գլխավոր դերերգեր չկան, ինչպես օպերաներում, մյուզիքլներում, օպերետներում։ Սա բացարձակապես ուրիշ ժանր է, այստեղ յուրաքանչյուրը գլխավոր է»։

Հովհաննիսյանի խոսքով, ստեղծագործության մտահղացման հեղինակը անվանի դաշնակահար Արմեն Բաբախանյանն է։ Նա է 2020 թվականին իրենց բոլորին միախմբել, և ծնունդ է առել «Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» խորագրով խմբերգային այս յուրօրինակ ներկայացում. - «Ներկայացումը մտորումների առիթ է տալու, որովհետև մեր ժամանակները «եթե»-ներ չեն հանդուրժում, գոյություն ունի շատ անողոք իրականություն՝ բոլոր առումներով, որը այնուամենայնիվ ստեղծագործական է։ Եվ մեզնից յուրաքանչյուրը իր կյանքի ստեղծագործողն է և իր բնագավառի ստեղծագործողն է։ Շատ հետաքրքիր էր շեշտադրել պարզ ու հասարակ բաները։ Մեկ մարդու հուզաշխարհը, մեկ մարդու կյանքը, միջավայրը կարևորելու խնդիր ունենք, ես կարծում եմ։ Եվ այդ շեշտադրումն էր, որ ինձ հետաքրքրեց այս ստեղծագործությունը ստեղծելիս։ Իհարկե «Հովերը» ամբողջ տարվա ընթացքում կունենա ակադեմիական ծրագրեր, կկատարենք կանտատներ, մադրիգալներ։ Ֆիլհարմոնիկի հետ ծրագրեր ենք նախատեսում։ Բայց կենտրոնականը սա է։ Գուցեև աշնանը ևս մի նշանակալի համերգ լինի»։

30 տարի առաջ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում իր շուրջը համախմբելով իր ուսանողներին՝ Սոնա Հովհաննիսյանը հիմնադրեց «Հովեր» կամերային երգչախումբը, որը միայն 18 տարի անց պետական կարգավիճակ ձեռք բերեց։ Բարդ ուղի են անցել, բայց Սոնա Հովհաննիսյանը գերադասում է չանդրադառնալ դժվարություններին և վերհիշում է տասնյակ ու տասնյակ ելույթները Հայաստանում և աշխարհի ամենատարբեր հեղինակավոր դահլիճներում, նաև համագործակցությունը աշխարհի լավագույն կոմպոզիտորների, նվագախմբերի և փառատոների հետ։

Իր իսկ խոսքով՝ աշխատել են օրնիբուն, նույնիսկ շաբաթ և կիրակի օրերին։

«Մենք շատ մեծ կարևորություն ենք տալիս մեր հայ կոմպոզիտորներին, շատ հաճախ ենք կատարում, առաջին կատարումներն ենք ներկայացնում նոր գործերի։ Համաշխարհային երաժշտական շատ հետաքրքիր նմուշներ ենք բեմ հանել ժամանակակից երաժշտության։ «Հովերը» լուրջ առնչություններ է ունեցել բազմաթիվ մեծանուն երաժիշտների հետ։ Ինձ համար միշտ ամենակարևորը եղել է հեղինակը։ Մեր ոգևորությունը, մեր աշխատանքը միշտ առաջ է մղվել, երբ կա նյութ, կա ստեղծագործություն, կա կոմպոզիտոր, որը առաջարկ ունի։ Դրա շուրջ հավաքվում են, ինչքան էլ բարդ է լինում ստեղծագործությունը։ Բարդությունը և արդարացված է, ոչ թե ինքնանպատակ բարդությունը է, որ մեկ-մեկ դա էլ է լինում ժամանակակից հեղինակների մեջ։ Երբ բարդությունը արդարացված է, դա գերագույն հաճույք է, դրա շուրջ է, որ հավաքվում են մարդիկ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG