Լատվիան ցանկանում է, որ իր տարածքում երեքից վեց ամիս ժամկետով տեղակայվեն թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի անօդաչու թռչող սարքեր:
Այդ մասին «Թյուրքիյե» պարբերականին հայտնել է Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը:
«Մենք շատ ուրախ կլինենք, եթե Թուրքիան մի քանի ամսով Լատվիայում Bayraktar-ներ տեղակայի, մենք կկարողանայինք դրանք ստուգել և դիտորդական թռիչքներ իրականացնել, դա շատ կարևոր աջակցություն կլիներ»,- Անթալիայում մարտի 11-ից 13-ը տեղի ունեցած դիվանագիտական հավաքի օրերին թուրքական պարբերականի թղթակցին ասել է Լատվիայի պաշտպանության նախարարը:
Նրա խոսքով, Ռիգայում պատրաստվում են առաջիկայում ընդունել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին: Պաբրիկսի խոսքով, «Լատվիան Թուրքիայից քաղաքական աջակցություն է ակնկալում հատկապես ՆԱՏՕ-ում»:
Այսօրվա դրությամբ Թուրքիայից զատ Bayraktar, տեսակի ԱԹՍ-ներ ունեն Ադրբեջանի, Քաթարի, Լիբիայի, Մարոկոյի, Լեհաստանի և Ուկրաինայի բանակները:
Bayraktar-ները կիրառվել և մեծ արդյունավետություն են դրսևորել Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում տեղի ունեցած մարտական գործողություններում, դրանք վերջերս գործադրվել են նաև Դոնբասի շրջանում: