Իրաքի Էրբիլ քաղաքը հրթիռակոծվել է, Միացյալ Նահանգների պաշտոնյաների վկայությամբ՝ Իրանի տարածքից։
Այսօր վաղ առավոտյան տասնյակ բալիստիկ հրթիռներ են արձակվել դեպի Էրբիլ՝ թիրախավորելով ԱՄՆ հյուպատոսության նոր շենքը և հարևան բնակելի շրջանը, պատճառելով հիմնականում նյութական վնաս, վիրավորվել է մեկ մարդ, հաղորդել է Իրաքյան Քուրդիստանի ներքին գործերի նախարարությունը։
Իրաքում Իրանի պետական հեռուստատեսության թղթակցի փոխանցմամբ՝ հրթիռների նշանակետը «Իսրայելի գաղտնի բազաներն» էին։
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակը «վրդովեցուցիչ հարձակում» է որակել հրթիռակոծությունը՝ հավելելով, որ ոչ մի ամերիկացի չի տուժել, չեն վնասվել նաև Էրբիլում ամերիկյան կառավարության կողմից օգտագործվող կառույցները։
Սա նման առաջին հարձակում է վերջին ամիսների ընթացքում։
Այսօր ավելի ուշ տարածված հաղորդագրությունների համաձայն՝ Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել է հրթիռակոծության պատասխանատվությունը։
Օրեր առաջ Սիրիայում՝ Դամասկոսի մերձակայքում Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով զոհվել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի երկու զինվորականներ։ Պաշտոնական Թեհրանը խստագույնս դատապարտել էր այդ փաստը և խոստացել վրեժխնդիր լինել։