Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաները անդրադառնում են նաև հայաստանյան կինոթատրոնների վրա


Հայաստանյան կինոթատրոնները հոլիվուդյան ֆիլմերը ձեռք են բերում ռուսական դիստրիբյուտորներից։ Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով՝ Walt Disney, Sony, Warner Bros կինոընկերությունները կասեցրել կամ դադարեցրել են իրենց ֆիլմերի ցուցադրությունը Ռուսաստանում։

Օրինակ «Batman»-ը, որի պրեմիերան Ռուսաստանում նախատեսված էր մարտի 2-ին, այդպես էլ չկայացավ։ Հայաստանում այն հիմա ցուցադրվում է, սակայն գովազդված մի քանի հայտնի ժապավեններ կարող են այդպես էլ չցուցադրվել հայկական կինոթատրոններերում։

«Մոսկվա» կինոթատրոնի մարքեթինգի գծով փոխտնօրեն Անահիտ Խաչատրյանն «Ազատությանը» փոխնացեց, որ սա վերաբերում է, մասնավորապես, ապրիլին սպասվող Դիսնեյի և Մարվելի ֆիլմերին. - «Երկու ֆիլմ, ցավոք սրտի, մարտի համար չեղարկվեց»։

Նույն պատկերը մյուս կինոթատրոններում է։ «Սինեմա Սթարից» հրաժարվեցին զրուցել «Ազատության« հետ, բայց «Երևան Մոլի» մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանը ևս հաստատեց՝ անորոշության մեջ են, պաշտոնական գրություններ դիստրիբյուտորներից դեռ չեն ստացել, ակնկալում են, որ առաջիկա օրերին իրենց գործընկերները ևս խնդրի լուծման տարբերկաներ կառաջարկեն. - «Կարա լրջագույն խնդիր լինի բիզնեսների համար։ Միակ տարբերակը, որ մենք կարող ենք փորձել սկսել բանակցել այլ երկրների մատակարարների հետ, որոնց վրա այս պատերազմական իրավիճակում սանկցիաներ չկան։ Էս պահին ոչ մի հստակ բան չկա, բայց բիզնեսը, բնականաբար, ինչ-որ բան պետք է անի իր շարունակականությունը ապահովելու համար։ Այստեղ կարող են մեզ օգնել նաև մեր ռուսաստանյան գործընկերները՝ մի ձև միջամտելով, ի վերջո ասելով, որ Հայաստանի վրա որևիցե սահմանափակումներ, սանկցիաներ չկան, և միգուցե կինոարտադրողը, այո, Ռուսաստանին չտա, բայց այս տարածաշրջանին տա ֆիլմերը»։

Այլընտրանքի մասին մտածում են նաև «Մոսկվա» կինոթատրոնում։ Մարքեթինգի գծով փոխտնօրենն ասում է՝ սպասողական այս վիճակում մնում է միայն կանխատեսումներ անել. - «Վատագույն սցենարը այն կլինի, որ ուղղակի մենք կզրկվենք սպասված բլոկբաստերների պրեմիերաները Հայաստանի կինոթատրոններում ցուցադրելու հնարավորությունից։ Որովհետև ուղիղ կապ հաստատել անմիջական հոլիվուդյան ստուդիաների հետ, դա բավականին բարդ գործընթաց է։ Եվ անգամ եթե այդ պատժամիջոցները նաև կիրառվեցին մեր վրա, մենք շատ կարճ ժամանակում, կարծում եմ, հնարավորություն չենք ունենա կազմակերպել կինոցուցադրությունները»։

Նոր դիստրիբյուտոր ձեռք բերելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ կա լեզվական պատնեշ. հայ հանդիսատեսը սովոր է ֆիլմերը դիտել ռուսերեն թարգմանությամբ։ Եվ եթե անգամ հաջողվի բլոքբաստերները ձեռք բերել օրիգինալ լեզվով ուղիղ ֆիլմարտադրողից և ցուցադրել հայերեն ենթագրերով, ապա հանդսիատեսի թիվը ամենայն հավանականությամբ կկրճատվի։

Կինոթատրոննեորւմ սեփական վիճակագրությունն ունեն. հայաստանցի հանդիսատեսն այնքան էլ չի սիրում միաժամանակ կարդալ ու դիտել։

««Ոսկե Ծիրանը» ամեն դեպքում տասնինը տարի հետևել է այդ փառատոնային չափորոշիչներին, ինչպես նաև դիստրիբուցիոն չափարոշիչներին շատ երկրներում, որոնք հրաժարվել են հնչյունավորել։ Իսկ դա օրիգինալ լեզուն է՝ անգլերեն և տվյալ երկրի ենթագրերով», - ասում է «Ոսկե Ծիրան» միջազգային կիոփառատոնի գեղարվեստական ղեկավար, կինոքննադատ Կարեն Ավետիսյանը։

Այդուհանդերձ նա վստահ է, որ յուրաքանչյուր բարդ իրավիճակում կարելի է գտնել նաև զարգացան հնարավորություն, ընդամենը պետք է մի փոքր դուրս գալ կոմֆորտի գոտուց. - «Ճգնաժամային փուլը անցնելուց հետո կարող ենք շահել մշակութային դիվիդենտներ, օրինակ՝ օրիգինալ լեզվով ֆիլմերը դիտելու մշակույթին»։

Կա նաև ֆիլմերը հայերեն թարգմանելու տարբերակը։ Սակայն դրա համար մեծ գումարներ կպահանջվեն, գործընթացը ճիշտ և գրագետ կազմակերպելու համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ. - «Ստացվում է, որ ցանկացած պարագայում գինը թանկանալու է, ծախսը թանկանալու է, և օրինակ, կարող է կարիք լինի պետական ինչ-որ միջամտության, մոտեցման, ինչ-որ հավելյալ սուբսիդավորման, օգնության կինոթատրոններին»։

Պետական այրերը խնդրին լուծումը դեռ չեն գտել։ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչությունից «Ազատությանը» հայտնեցին միայն, որ այս պահին նախատեսում են հանդիպում կինովարձույթի ներկայացուցիչների հետ՝ ստեղծված իրավիճակից հնարավոր ելքերը մշակելու համար։

XS
SM
MD
LG