Մատչելիության հղումներ

Կանանց պատմությունները՝ կին ռեժիսորների ֆիլմերում


Կանանց միջազգային տոնի առթիվ «Մոսկվա» կինոթատրոնում Ազգային կինոկենտրոնը չորս կին ռեժիսորների ֆիլմ ներկայացրեց։

«Ժառանգը» դրանցից մեկն էր։ Հեղինակը՝ Սանկտ Պետերբուրգից ժամանած Էվելինա Բարսեղյանը, «Ազատության» հետ զրույցում անկեղծացավ՝ հաճախ է տեսնում, թե ինչ պիտակներով են ապրում կանայք ու տղամարդիկ, ու ինքը փորձել է գրոտեսկի, հումորի օգնությամբ կեղծ հայելիների թագավորություն տեղափոխել այս ամենը. - «Առաջընթաց կա, բայց կարևոր է, որ կինն ինքն թոթափի ուսերը և երբ նկարահանման հրապարակում նրան ասեն՝ սուրճ կտա՞ս, պատասխանի՝ գիտեք, ես ռեժիսորն եմ, ոչ թե քարտուղարուհին»։

Օվսաննա Շեկոյանի՝ «Գլխիվայր» և Լուսինե Պապոյանի՝ «2 անհայտով հավասարում» ֆիլմերն այսօր ներկայացվող ժապավեններից էին։ Կարճամետրաժ պատմություններ երկարատև ու բարդ խնդիրների մասին։

Կինոարվեստում կին ռեժիսորների ճանապարհն առհասարակ հեշտ չէ։ Կնոջն ավելի հաճախ պատկերացնում են ոչ թե տեսախցիկի ետևում, այլ դիմացը՝ որևէ ճակատագրական, դրամատիկ կամ սեքսուալ կերպարում։ Սակայն որտե՞ղ, եթե ոչ կինոյում կարելի է խոսել կանանց խնդիրների մասին, ովքե՞ր, եթե ոչ կանայք կարող են շատ ավելի պատկերավոր պատմել իրենց հուզող հարցերի մասին։

«Շատ երկար տարիներ տղամարդիկ են կանանց մասին ֆիլմերում պատմություններ պատմել, հիմա մենք պետք է մեր պատմությունները պատմենք։ Ու ինձ համար դա է ամենակարևորը, որ մենք էլ կարևոր պատմություններ ունենք պատմելու։ Եթե այդ հավասարությունը լինի, կարող է Մարտի 8-ին էլ պետք չլինի», - ասում է Նորվեգիայից կինոռեժիսոր Նաիրի Հախվերդին։

Նրա «Ավլելով Երևանը» վավերագրական ֆիլմը մի կնոջ՝ Մարինայի մասին է, ով ամեն օր կեսգիշերին Չարենցավանից Երևան է գալիս՝ ավլելու փողոցները։ Մարինան պայքարում է մի իրականության համար, որտեղ իր երեխաներն այլ, ավելի լավ կյանք կունենան։

Կին ռեժիսորներնը, ըստ «Ազատության» զրուցակիցների, նաև իրենց արվեստով են փորձում ստեղծել այդ լավ կյանքի գոնե սցենարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG