Հայազգի երիտասարդ կինն արդեն երրորդ անգամ է մազապուրծ փախչում գլխավերևում պայթող ռումբերից, իսկ ամուսնու գերեզմանը թողել է արդեն հարազատ դարձած Օդեսայում։
«Ամուսնուս սիրտն անցած տարի չդիմացավ, երբ տեղեկացավ, որ Արցախում կրկին պատերազմ է»,- պատմում է Ժաննան, որն 90-ականներին ընտանիքով Արցախյան պատերազմից է փախել Դոնեցկ։
«Որովհետև պատերազմից հետո այնտեղ հնարավոր չէր ապրել, աշխատանք չկար, փող չկար, սոված էինք մնում, դաշտերից ցորեն էինք հավաքում, որ տանը եփեինք, ուտեինք՝ առանց որևէ բանի», - պատմեց հայազգի կինը:
Նրանք Արցախից մի կերպ Դոնեցկ էին հասել, տուն-տեղ դրել, բայց հետո 2014-ի ռուս-ուկրաինական հակամարտությունը սկսվեց։ Նորից նույն արագությամբ ձեռքի տակ հայտնված առաջին անհրաժեշտության իրերը հավաքեցին ու Օդեսա փախան։ «Ազատության» մոլդովական ծառայության թղթակիցը Ժաննային ու նրա ընտանիքին հանդիպել է փախստականներին Օդեսայից Մոլդովա տեղափոխող գնացքում։ Ոչ լավ օրվա հույս ունեն, ոչ էլ պատկերացնում են՝ ու՞ր են գնալու, ինչպես են ապրելու:
«Չգիտեմ կարևորը, որ մեզ ընդունեն ու վերջ, որ հանգիստ լինենք, որ ապրենք, որ մեզ այլևս ոչինչ չսպառնա, ոչինչ ավելի չենք ուզում», - նշեց նա:
Ժաննայի փոքրիկներից մեկը ճոճվող գնացքում քնել էր տատիկի գրկում։ Սկեսուրը՝ 57-ամյա Անահիտ Հակոբյանը շվարած է՝ թոռն արթնանա սոված է լինելու, սնունդը վերջանում է, առհասարակ փոքրիկներին ինչպե՞ս բացատրեն՝ ուր են գնում։ «Էս ի՞նչ եղավ, էս ո՞նց եղավ, չենք հավատում»,- նեղսրտում է կինը, որն այդպես էլ չի հասկանում պատերազմի պատճառը:
«Պատերազմ ոչ մի բանի համար, այստեղ եղբայրական ազգեր են ու այսպիսի բան է կատարվում, արդեն չգիտեմ ինչ ասել», - ասաց Անահիտ Հակոբյանը:
«Դոնեցկում ինֆարկտից ամուսինս մահացավ, Օդեսայում՝ որդիս»,- պատմում է տիկին Անահիտն ու հավելում՝ «էլ ոչ մի կորուստ, ինչ էլ պատահի, պետք է թոռներիս, որդիներիս ու հարսներիս հետ միասին լինենք»։
«Ընդհանրապես չէինք մտածում, ընդհանրապես, որդիս մեքենան թողեց հենց կայարանում, ամեն ինչ թողեցինք, վերցրեցինք միայն պայուսակներ, մի քանի հագուստ: Իսկ ի՞նչ կարող էինք ձեռքով տանել», - նշեց նա:
Գնացքը հասավ Մոլդովա, կայարանում մի տղամարդ բոլորին բջջային քարտեր էր նվիրում՝ ինտերնետ կապով, մյուսները կացարաններ էին առաջարկում։ Հայազգի Ժաննային մի տարեց տղամարդ հանդիպեց, որն առաջարկեց այս բազմանդամ ընտանիքին իր հարկի տակ ընդունել:
ՄԱԿ-ի տվյալներով՝ արդեն 13 օր ընթացող պատերազմի հետևանքով Ուկրաինան 2 միլիոն մարդ է լքել։ Մոլդովա հասած Ժաննան ու Անահիտը շնորհակալ են, որ քնելու տեղ կունենան, բայց երրորդ անգամ պատերազմից փախած ընտանիքի ճակատագիրն ինչպե՞ս կդասավորվի՝ չգիտեն: