Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը՝ Լուսինե Թորոյանի տնօրինությամբ վերջին երկու տարիներին նորանոր ուշագրավ ձեռքբերումներ է գրանցում։
Ինչպես «Ազատության» հետ ցրույցի ընթացքում ընդգծեց Թորոյանը, թանգարանում գործում են մի շարք տարբեր ծրագրեր, որոնց թվում նաև «Ինքնության դարբնոց» դպրոցը. - «Վստահ ենք, որ թանգարանը այն շատ յուրահատուկ վայրերից է, որտեղ յուրաքանչյուր ոք, որ կայցելի թանգարան, ուղղակիորեն առնչվում է հայկական ինքնության հետ։ Ու եթե էդ ամենը ճիշտ կերպով մատուցվի՝ սկսած տարբեր տարիքի երեխաներից մինչև մեծահասակներ, իրենք կկարողանան ոչ միայն տեսնել ուղղակի նմուշը, այլ տեսնել նաև դրա բովանդակությունը»։
Թանգարանում գործող դպրոցը մի քանի ուղղությամբ է աշխատում և սերտորեն համագործակցում է նաև հանրակրթական դպրոցների աշակերտների հետ. - «Հետաքրքիչ մոտեցումներ ենք մշակում. երեխան գալիս է, անցնում է էքսկուրսիա, ընտրում է արհեստ, էդ արհեստի հետ կապված մենք խաղեր ենք առաջարկում, և երեխան իր պատրաստածը իր հետ տանում է տուն։ Փորձել ենք դպրոցն էլ առարկաներով բերել թանգարան։ Այսինքն՝ եթե անցնում են մի առարկա՝ ասենք, հանրահաշիվ, ինչպե՞ս կարելի է կապել գորգի հանգույցները հաշվելու հետ և այլն։ Մյուսը զբոսաշրջիկների համար, որ նրանց համար հետաքրքիր փորձառություն լինի։ Զբոսաշրջիկները հատկապես շատ են սիրում երկրներից ինչ-որ բան իրենց հետ տանել։ Գան թանգարան, անցնեն էքսկուրսիան, պատրաստեն իրենց ձեռքով իրենց հուշանվերը ու գնան։ Իրականում մենք շատ երջանիկ ենք մեզ համարում, որովհետև թանգարանի շուրջը շատ տաղանդավոր ու շատ կամեցող մարդիկ են հավաքում, որոնք ունեն շատ գեղեցիկ գաղափարներ, որոնք կարելի է ի կատար ածել»։
Թանգարանում գործում է ժամանակավոր ցուցադրությունների սրահը, որտեղ պարբերաբար մեր գեղանկարիչների, քանդակագործների և այլ արվեստագետների նորանոր ցուցահանդեսներ են բացվում։ Թանգարանն ունի խեցեգործության, գեղանկարչական աշխատանքների, գորգագործության, կարպետագործության, ասեղնագործության, ժանեկագործության, մետաղի, փայտի և քարի գեղարվեստական մշակումների ցուցանմուշների բացառիկ հավաքածո, որոնք տարբեր տարիներին ցուցադրվել են արտասահմանյան մի շարք երկրներում։ Իսկ ԿԳՄՍ նախարարության կողմից տրված իրավասությամբ, Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն առաքելութոյւն ունի ամեն տարի «Ժողովրդական վարպետի» վկայականներ հանձնել տարբեր ոլորտներում գործող ինքնուս վարպետներին։
Լուսինե Թորոյանի խոսքով, փորձում են թանգարանի գործունեությանը ժամանակակից բնույթ հաղորդել. - «Հայաստանում թյուր կարծիք կա. երբ մարդիկ մտածում են թանգարանի մասին, անմիջապես ասոցիացվում է թանգարանը հին կառույցի հետ, սովետական, որն այդ սիստեմով է աշխատում դեռ և այլն, և այլն։ Ոչ, թանգարանը ապրող օրգանիզմ է, ու պետք է հիմա ուղղակի ցույց տալ այն, որ թանգարանը կարող է լինել շատ ժամանակակից կազմակերպություն՝ մարդկային ռեսուրսների բոլոր նոր տենդենցներով և այլն, և այլն։ Բնականաբար, թանգարանը շատ մեծ խնդիրներ ունի կապված պահպանման հետ, ֆոնդերի վերանորոգում է պետք, գորգերի, տեքստիլի լվացում»։
Տնօրենի փոխանցմամբ, թանգարանն ունի տասներկու հազար ցուցանմուշ. - «Ցուցադրված է մոտ երկու հազարը այս մասնաճյուղում։ Եվ ունենք մասնաճյուղ Դիլիջանում։ Այս տարի իրականում շատ ուրախ լուր ունենք. Դիլիջանի մասնաճյուղը վերջապես, տարիներ անց նախարարության աջակցությամբ կանգնում է ամրակայման, որովհետև շենքը շատ հին է, պատկանել է դեռ Մարիամ իշխանուհուն, հետո ժամանակի ընթացքում արդեն Հովհաննես Շարամբեյանի ջանքերով վերածվել է թանգարանի։ Այս տարի, փառք Աստծո, վերջապես կանգնում է ամրակայման։ Հիմա տարբերակներ ենք մշակում, որ Դիլիջանում ինչ-որ տեղ ցուցադրվեն նմուշները»։