Եվրոպական միության խորհուրդը գործադրում է ուկրաինացի փախստականների պաշտպանության ժամանակավոր մեխանիզմ:
Այդ որոշմամբ նրանք կարող են 1-ից 3 տարի գտնվել Եվրամիության տարածքում: Որոշումը միաձայն ընդունվել է Եվրամիության երկրների ներքին գործերի նախարարների նիստում:
«Եվրոպական միության խորհուրդն այսօր միաձայն որոշել է Ուկրաինայի պատերազմից զանգվածաբար փախչող մարդկանց վերցնել ժամանակավոր պաշտպանության տակ: Մեխանիզմը սահմանվում է 1 տարով, ինչից հետո կարող է երկարաձգվել ևս 2 տարով»,- ասվում է Եվրամիության հրապարակած հաղորդագրությունում:
Այդ մեխանիզմն ուկրաինացի փախստականներին տալիս է ժամանակավոր բնակության, ժամանակավոր կեցավայրի, աշխատանքի, բուժօգնության, երեխաների համար կրթության և Եվրամիության տարածքով տեղաշարժի իրավունք:
Դրանից կարող են օգտվել Ուկրաինայի քաղաքացիները, Ուկրաինայում բնակվող ուրիշ երկրների քաղաքացիները, առանց քաղաքացիության անձինք և Ուկրաինայում ապաստան ստացած մարդիկ, ովքեր Եվրամիության տարածքում են հայտնվել 2022 թվականի փետրվարի 24-ից սկսած:
Այդ իրավունքից կարող են օգտվել նաև Ուկրաինայի այն քաղաքացիներն, ովքեր փետրվարի 24-ի դրությամբ գտնվել են Եվրամիության տարածքում և հիմա չունեն հայրենիք վերադառնալու հնարավորություն:
Եվրամիությունը նաև կօգնի տուն վերադառնալ Ուկրաինայի տարածքում ժամանակավոր գտնվող օտարերկրացիներին: