Մատչելիության հղումներ

ԱԺ-ն քննարկեց մարտական դիրքում զոհված զինծառայողների ընտանիքի զավակներին զինծառայությունից ազատելու մասին նախագիծը


Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ քննարկեց իշխող խմբակցության պատգամավորի հեղինակած նախագիծը, որը պարտադիր զինվորական ծառայությունից ազատում է Հայաստանի սահմանների պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողների եղբայրներին, որդիներին։

Հայկ Սարգսյան
Հայկ Սարգսյան

«Ունենք հայ-ադրբեջանական քառօրյա և 44-օրյա պատերազմների հետևանքով զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն։ Նրանցից շատերի ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում և չեն ցանկանում իրենց կրտսեր որդիներին նույնպես ուղարկել պարտադիր զինվորական ծառայության», - ասաց նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը («Քաղաքացիական պայմանագիր»)։

Առաջիկա չորս զորակոչերի ընթացքում օրենքի այս փոփոխությունը 52 հնարավոր շահառու ունի։

Նախագծի հեղինակի ներկայացրած վիճակագրության համաձայն, այժմ զինծառայության մեջ գտնվող 16 զինծառայող կա, որոնց եղբայրները զոհվել են մարտական ծառայություն իրականացնելիս, և փոփոխությունների ընդունումից հետո նրանք ևս կարող են զորացրվել. - «Հաշվի առնելով, որ մեր Զինված ուժերի զինծառայողների թիվը մի քանի տասնյակ հազար է, պահեստազորով՝ մի քանի հարյուր հազար, ապա ամեն զորակոչին տասից-քսան զինակոչիկի ազատելը որևէ խնդիր չի առաջացնի։ Նաև ցանկանում եմ նշել, որ այսօր գործող կարգավորումներով էլ իմ կողմից նշված զորակոչիկների խումբը չի իրականացնում մարտական հերթապահություն»։

Սեյրան Օհանյան
Սեյրան Օհանյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը առաջարկեց, որ այդ անձինք վեցամսյա ուսումնական դասընթացներ անցնեն կամ նրանց համար սահմանվի անվտանգ պայմաններով ծառայություն. - «Կազմ-կառուցվածքային, համալրման հետ կապված խնդիրներում ես գտնում եմ, որ բանակը այսօր խնդիրներ ունի։ Այս առաջարկությունը մենք ուզում ենք և առաջարկում ենք դիտարկել առաջին և երկրորդ ընթերցման արանքում»։

Թագուհի Թովմասյան
Թագուհի Թովմասյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին հետաքրքրվեց, թե ինչ լուծում է նախատեսված այն դեպքերի համար, երբ բանակ զորակոչված զինծառայողը զոհվել է ոչ պատերազմական գործողությունների հետևանքով. - «Դրանից չի փոխվում ընտանիքի վիշտը։ Մարդիկ բանակ երեխա են ուղարկել, և նա զոհվել է՝ անկախ նրանից ավտովթարից է զոհվել, էլեկտրահարվել է, կամ զորամասում ինչ-որ միջադեպ է եղել և դրա արդյունքում զոհվել է։ Զոհը մնում է զոհ։ Հետևաբար Պաշտպանության նախարարությունը պատասխանատու է երկու տարի իր վերահսկողության տակ գտնվող, իր հրամանատարության տակ գտնվող ցանկացած քաղաքացու կյանքի և առողջության համար»։

«Կիսում եմ ձեր կարծիքը և համամիտ եմ։ Եվ ձեր առաջարկը ստանալու դեպքում կքննարկենք հանձնաժողովում, և կարծում եմ, որ կընդգրկենք նաև այդ զինակոչիկների ընտանիքի անդամներին», - արձագանքեց Հայկ Սարգսյանը։

Արման Սարգսյան
Արման Սարգսյան

Հարակից զեկուցող, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը մինչդեռ հայտարարեց, որ եթե անգամ նախագծի հեղինակը Թովմասյանի առաջարկի մեջ խնդիր չի տեսնում, նախարարությունը առարկություններ ունի. - «Սկզբունքն է ըստ էության խախտում, որովհետև եթե նույնիսկ թիվը քիչ լինի, հենց օրենքի տրամաբանության մեջ դրվել է միակ արու զավակը։ Եվ այս փոփոխությունը միտված է ընտանիքների վիշտը մեղմելուն, և այդ տրամաբանությամբ մենք ծառայության ընթացքում զոհված, մահացած զինծառայողներին, եթե դա չի տեղի ունեցել մարտական գործողությունների և պաշտպանության ընթացքում, մենք դեմ ենք լինելու այդ առաջարկությանը»։

69 կողմ, 21 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ նախագիծն առաջին ընթեցմամբ ընդունվեց։ Ձեռնպահ քվեարկեցին ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ հայտարարելով, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կհստակեցնեն իրենց դիրքորոշումը։

XS
SM
MD
LG