Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ձեռնոց է նետել աշխարհին՝ չհամակերպվելով, որ կայսրություն չէ. Վարդան Հարությունյան


Ռուսաստանը ձեռնոց է նետել աշխարհին՝ չհամակերպվելով, որ կայսրություն չէ, կարծում է իրավապաշտպան, խորհրդային տարիների այլախոհ Վարդան Հարությունյանը:

«Ռուսաստանը ձեռնոց է նետել միջազգային հանրությանը, Ռուսաստանը չի ցանկանում ճանաչել այն աշխարհակարգը, որ կա 1945 թվականից հետո», - «Ազատության» հետ զրույցում ասում է նա` հավելելով` սկիզբ դնելով այս պատերազմին` Ռուսաստանը շատ անհաշվարկ քայլ արեց` Ուկրաինային դարձրեց հավիտյանս թշնամի երկիր:

Վարդան Հարությունյանի հետ զրույցից մի հատված ստորև.

«Ազատություն». - Ի՞նչ է ուզում Ռուսաստանը` սանձազերծելով այս պատերազմը:

Վարդան Հարությունյան. - Ռուսաստանը ձեռնոց է նետել միջազգային հանրությանը, Ռուսաստանը չի ցանկանում ճանաչել այն աշխարհակարգը, որ կա 1945 թվականից հետո` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Ռուսաստանը չի ցանկանում համակերպվել այն մտքի հետ, որ ինքը կայսրություն չի: Եվ այս տարիների ընթացքում` 1990-ական թվականներից սկսած Ռուսաստանը մի խնդիր է ունեցել` ոտքի կանգնել և կորցրածները հետ բերել, թույլ չտալ, որ իր շրջապատում գոյացած երկրները, այդ թվում նաև Հայաստանը, Ուկրաինան, կլինեն միջինասիական երկրները, նրանք չլինեն ինքնիշխան, նրանք լինեն իր թելադրանքի տակ և ենթարկվեն իրեն:

Հիմա եթե Արևմուտքը սկսել է դա հասկանալ, իսկ ես կարծում եմ, որ այս ուկրաինական զարգացումների ֆոնին` արդեն սկսել է հասկանալ, ապա հույս կա, որ մենք արդեն ականատես կլինենք այդ կասրության երրորդ փլուզմանը. մենք տեսել ենք Առաջին աշխարհամարտից հետո այդ փլուզումը, մենք տեսել ենք 1990-ականների փլուզումը, և հույս կա, որ շուտով մենք կտեսնենք նաև հաջորդ փլուզումը: Բայց բոլոր այդ փլուզումներն ուղեկցվել են հսկայական արյամբ, հսկայական կորուստներով, որովհետև նրանք իրենց կայսրության ծավալման և ամրապնդման համար չեն խորշել կրակելուց, չեն խորշել հարձակվելուց, չեն խորշել լինել և երևալ մարդկությանն ուխտադրուժ:

«Ազատություն». - Պարո՛ն Հարությունյան, այսօր իրատեսակա՞ն է Ուկրաինա բերել պրոռուսական իշխանություն և կառավարել այդ ժողովրդին, որոնք պառկում են տանկերի տակ` ի հեճուկս ռուսական պրոպագանդայի ակնկալիքների, որ ահա կարմիր դրոշներով, ծաղիկներով դիմավորելու էին իրենց:

Վարդան Հարությունյան. - Շատ են անում մեկ-մեկ սխալներ այդ կարգի երկրները, երբ սկսում են իրենց շատ ավելի ուժեղ զգալ, և հողը կորչում է նրանց ոտքի տակ, իրականությունը դադարում են ճիշտ ակնկալելուց: Այդպես է հիմա, կարծում եմ, Ռուսաստանում. նրանց թվում էր, թե նրանք շատ արագ կմտնեն և շատ արագ կգրավեն, բայց դա տեղի չունեցավ:

Տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում: Ուկրաինան բազմազգ երկիր է, Ուկրաինայում հսկայական քանակով ռուսներ են ապրում, այսինքն` բոլորը այս պատերազմը` պուտինյան հարձակումը նրանց բոլորին դարձրեց Ուկրաինայի քաղաքացի, նրանք բոլորը հիմա պաշտպանում են Ուկրաինան Ռուսաստանից` խոսելով ռուսերեն, լինելով ռուսներ: Եվ եթե մինչև այս հարձակումը, եթե ենթադրենք` այս տարվա փետրվար ամսվա սկզբներին դեռ կարելի էր մտածել, որ Ռուսաստանը կարող է հաջողություն գրանցել այնտեղ` Կիևում, իշխանություն փոխել, դնել իրեն հավատարիմ ինչ-որ մեկին և Ուկրաինան պահել իր ազդեցության ոլորտում, ապա իր այս հարձակումից հետո նման հույս չի լինի, որովհետև Ուկրաինան արդեն միանշանակ դուրս է գալու Ռուսաստանի ազդեցության ոլորտից, և որ ամենակարևորն է, Ռուսաստանը շատ անհաշվարկ քայլ արեց` Ուկրաինային դարձրեց մշտապես, հավիտյանս թշնամի երկիր, այնպես, ինչպես թշնամի է դարձրել իր եղբայր ժողովուրդներից մեկին` Լեհաստանին:

«Ազատություն». - Կարծում եք` որքա՞ն հեռու կգնա Ռուսաստանը, արդեն միջուկային զենքով է աշխարհին սպառնում:

Վարդան Հարությունյան. - Այնքան հեռու կգնա, որքան Արևմուտքը նրան այդ հնարավորությունն ընձեռի: Արևմուտքը եթե լինի գործուն, եթե լինի ագրեսիվ իր պաշտպանության մեջ և ատամներ ցույց տա, ապա շատ արագ նրանք կանգ կառնեն, որովհետև նրանք գնում են այնքան, որքան կարողանում են, նրանք չեն գնում հանուն հայրենիքի, չեն գնում հանուն ռուսական աշխարհի, հանուն պաշտպանության, նրանք գնում են հանուն իմպերայի մեծացման, հանուն կայսրության մեծացման, ծավալման, ծավալապաշտական պատերազմ են մղում: Այնքան, որքան կարող են ծավալվել, այնքան ծավալվում են:

«Ազատություն». - Ունի՞ ներուժ Հայաստանը` փորձի գոնե դիմադրել, եթե Մոսկվան փորձի ներքաշել այս պատմության մեջ նաև Երևանը. ՀԱՊԿ-ում ենք դաշնակից և այլն:

Վարդան Հարությունյան. - Հայաստանն ինքը ներուժ ունի, ինչպես ցանկացած երկիր, ցանկացած ինքնիշխան պետություն ունի ներուժ, կարող է ինչ-որ չափի ազատություն ունենալ և տնօրինել, եթե այդ երկրի իշխանավորը ցանկանում է իրենց ձայնն ունենալ: Դրա համար պետք է լինել մի քիչ համարձակ և փորձել սեփական խաղ խաղալ, թեկուզ կարող է Փաշինյանը հանգիստ զանգահարել Զելենսկուն և առաջարկել, ենթադրենք, վիրավորների հարցով ինչ-որ բան, հասարակական, հումանիստական ինչ-որ բան առաջարկել` չպարտավորեցնող, և չանել անգամ, բայց զանգը լիներ, և այդ մասին գրվեր: Եվ ես չեմ կարծում, թե Պուտինը դրա համար շատ խիստ կպատժեր Փաշինյանին: Իհարկե, ոչ, բայց չկա նույնիսկ դա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG