Մատչելիության հղումներ

Հայաստանի պետպարտքը մոտեցել է 9,3 միլիարդ դոլարին 


Հայկական դրամ, արխիվ
Հայկական դրամ, արխիվ

Հայաստանի պետական պարտքը հասել է աննախադեպ չափերի՝ նախորդ ամսվա վերջին մոտենալով 9 միլիարդ 282 միլիոն դոլարի։

Ֆինանսների նախարարության տվյալներով, միայն անցած տարի Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը երկրի պարտքն ավելացրել է 1 միլիարդ 257 միլիոն դոլարով, ինչը մեկ տարվա ընթացքում Հայաստանի ստանձնած ամենախոշոր պարտավորությունն է 2009 թվականից ի վեր, երբ տնտեսական կտրուկ անկման պայմաններում Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանը միայն այդ տարի կուտակեց լրացուցիչ 1 միլիարդ 470 միլիոն դոլար պարտք։

Ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը հավաստիացրեց՝ աշխարհի բազմաթիվ երկրների դեպքում նույն կարդիոգրաման է՝ տնտեսական անկումների, տարաբնույթ ճգնաժամերի ժամանակ երկրների պետական պարտքերն աճում են։

«Պարտքը ոչ միայն հիմա է աճում, պարտքը շարունակելու է անընդհատ աճել, դրա համար եմ ես ասում՝ եթե մենք պարտքի բացարձակ թիվն ենք վերցնում, և ասում ենք, որ մեր տնտեսությունը դեռ երկար ժամանակ պակասուրդային է լինելու, ո՞նց եք պատկերացնում պարտքի իջնելը. ինքը անընդհատ ֆիզիկական աճելու է, այդտեղ կարևոր է, թե տնտեսությունն ինչ տեմպով է աճել: Եթե տնտեսությունն ավելի արագ է աճում, քան պարտքը, ի սեր Աստծո, թող աճի, դա միայն օգուտ կբերի երկրին, եթե այդ ներգրավված միջոցները արդյունավետ են օգտագործվում», - նշեց Մարգարյանը:

Թե անկախությունից ի վեր Հայաստանը կառավարած չորս վարչակազմերը՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյան, որքան արդյունավետ են կարողացել օգտագործել պարտք վերցրած միջոցները, այսօր տնտեսագետները դժվարանում են միանշանակ պատասխան տալ՝ պատճառաբանելով, որ նման գնահատականը հայաստանյան տնտեսության նախորդ երեք տասնամյակների համալիր վերլուծություն է պահանջում։

Ֆինանսների նախարարության և Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 1997 թվականի ավարտին՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի նախօրեին, Հայաստանի ՀՆԱ-ն կազմում էր 1 միլիարդ 639 միլիոն դոլար, պետական պարտքը՝ 768 միլիոն դոլար էր կամ ողջ տնտեսության 46 տոկոսը։

2007-ի վերջին՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնաթողությունից առաջ, երկրի տնտեսությունը 9 միլիարդ 206 միլիոն դոլար էր, պետական պարտքը՝ 1 միլիարդ 697 միլիոն կամ ՀՆԱ-ի 18 տոկոսը։

2017 թվականի ավարտին՝ երրորդ նախագահ, այնուհետև վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի նախորդ տարին Հայաստանն ամփոփել էր 11 միլիարդ 494 միլիոն դոլար ՀՆԱ-ով, պետական պարտքը՝ 6 միլիարդ 775 միլիոն էր, կամ ողջ տնտեսության 58,9 տոկոսը։

2021-ի ավարտին Հայաստանի տնտեսությունը կազմեց 14 միլիարդ 543 միլիոն դոլար, պետական պարտքը՝ 9 միլիարդ 225 միլիոն կամ երկրի ՀՆԱ-ի 63,4 տոկոսը։

Վերջի թիվը, սակայն, Հայաստանի համար ռեկորդային չէ։ 2020թ. ավարտին պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել էր 67,4 տոկոս։ Այսինքն, մեկ տարվա ընթացքում որոշակի բարելավում է նկատվել։

Արշալույս Մարգարյանը «Ազատությանը» փոխանցեց, որ կառավարությունը մշակել է ՀՆԱ-ի նկատմամբ կառավարության պարտքի նվազեցման ծրագիր, որը նախատեսում է մինչև 2026 թվականը աստիճանաբար իջեցնել այն՝ գլխավորապես տնտեսության աճի շնորհիվ։

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանի խոսքով, պետական պարտքի անգամ առկա մակարդակի պայմաններում չի կարելի ասել, թե Հայաստանը կրիտիկական կետում է. աշխարհում բազմաթիվ են երկրները, ուր տնտեսության համեմատ պետական պարտքն ավելի մեծ չափաբաժին է կազմում։

Կարևոր է հասկանալ, թե պետական պարտքի կառավարման առանցքային ցուցանիշները ինչ վիճակում են՝ ընդգծեց տնտեսագետը. - «Ֆիքսված տոկոսադրույքով պարտքի տեսակարար կշիռն ընդհանուր պարտքի կառուցվածքում քանի տոկոս կլինի: Մեզ մոտ առնվազն 80 տոկոս է դրված ուղենիշային ցուցանիշը, մեր մոտ արդեն 2022 թվականի հունվարի 31-ի դրությամբ այդ ցուցանիշը 83 տոկոս է կազմել: Մենք ունենք մինչև մարումը մնացած միջին ժամկետն ինչքան պետք է լինի՝ 8-11 տարի է դրված, մեր մոտ 8,4 տարի է կազմում: Նմանատիպ ունենք փոխարժեքի ռիսկի կառավարման նպատակով որոշակի ուղենիշային ցուցանիշներ դրված, առաջինը՝ ներքին պարտքի տեսակարար կշիռը, որ պետք է լինի առնվազն 25 տոկոս, մեզ մոտ կազմել է 29,8 տոկոս, ու նաև ՀՀ դրամով ներգրավված պարտքի տեսակարար կշիռը, որ առնվազն էլի 25 տոկոս պետք է լինի, մեզ մոտ կազմում է 29,4 տոկոս»:

Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին տվյալների համաձայն, որոնք վերաբերում են 2020 թվականի, աշխարհի երկրների շարքում ՀՆԱ/պետպարտք հարաբերակցությամբ վատագույն տեղում է Վենեսուելան, ուր պետական պարտքը կազմում է տնտեսության 304,1 տոկոսը, հաջորդը Ճապոնիան է՝ 254,1 տոկոսը, վատագույն եռյակը եզրափակում է Հունաստանը՝ 211,2 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG