Մատչելիության հղումներ

Պուտինը Չինաստանի նախագահին ասել է, որ Ռուսաստանը ցանկանում է բարձր մակարդակով բանակցություններ վարել Ուկրաինայի հետ․ Ռոյթերզ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չինացի պաշտոնակից Սի Ծինփինի հետ այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բարձր մակարդակի բանակցություններ վարել Ուկրաինայի հետ: «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Չինաստանի արտգործնախարարությունը։

Կրեմլի ղեկավարը Չինաստանի նախագահի հետ զրույցում պնդել է, որ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն տևական ժամանակ անտեսել են Ռուսաստանի անվտանգության օրինական մտահոգությունները, բազմիցս հրաժարվել են իրենց պարտավորություններից և շարունակել են ընդլայնել ռազմական ներկայությունը դեպի արևելք՝ մարտահրավեր նետելով Ռուսաստանի ռազմավարական գծին, ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում։

Չինաստանի դիվանագիտական գերատեսչության փոխանցմամբ՝ Պեկինը աջակցում է Ռուսաստանին և Ուկրաինային՝ խնդիրը բանակցային ճանապարհով լուծելու հարցում։

Սի Ծինփինը նաև կոչ է արել բոլոր կողմերին հրաժարվել «սառը պատերազմի» մտածելակերպից, հարգել բոլոր երկրների անվտանգության օրինական մտահոգությունները և բանակցությունների միջոցով ձևավորել հավասարակշռված, արդյունավետ և կայուն եվրոպական անվտանգության մեխանիզմ, նաև ասվում է հաղորդագրությունում:

Այսօր հերթական անգամ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պուտինին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ։

«Ուկրաինայի տարածքով մեկ մարտեր են ընթանում։ Եկեք բանակցությունների սեղանի շուրջ նստենք, որպեսզի կանխենք մարդկային զոհերը», - ռուսերեն լեզվով հայտարարել է Զելենսկին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG