Առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ 2021-ին նախորդ տարվա համեմատ աճել է 20,6 տոկոսով և կազմել 2,7 մլրդ ԱՄՆ դոլար, այսօր Նուր-Սուլթանում, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման մատակարարումների ծավալը նույն ժամանակահատվածում աճել է 25,2 տոկոսով։ Ընդ որում՝ Փաշինյանը նկատել է՝ փոխադարձ առևտրում արտահանման աճի տեմպերն ավելի բարձր են, քան դեպի երրորդ երկրներ հայկական արտադրանքի արտահանման աճի տեմպերը։
«Աճի լավագույն ցուցանիշներն ապահովել են թարմ և վերամշակված գյուղատնտեսական արտադրանքը, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները, տեքստիլի և կոշիկի արդյունաբերության արտադրանքը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրներում պահանջարկ ունեցող մի շարք այլ ճյուղերի արտադրանքները», - ասել է վարչապետը՝ շարունակելով՝ արտահանման ծավալների աճին զուգընթաց աճել են նաև Միության երկրներից Հայաստան ներմուծման ցուցանիշները․ - «Այսպիսով, ծագման երկրի հատկանիշով ներմուծումն աճել է 18,5 տոկոսով»։
Փաշինյանը հույս է հայտնել, որ այս տարի համագործակցությունը կլինի ոչ պակաս արդյունավետ, այդ թվում՝ Միության ինտեգրման հիմնական ոլորտներում առաջընթացի և նոր նախաձեռնությունների իրականացման հաշվին։
«Այս փուլում չափազանց կարևոր է պահպանել հավաքած տեմպը և շարունակել տնտեսական մարտահրավերներին համատեղ արձագանքելու մեխանիզմների մշակումը», - ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը։