Մատչելիության հղումներ

Լավագույն տարբերակը, որ Հայաստանը կարող է անել, որևէ կերպ այս իրարանցման մեջ չերևալն է․ փորձագետ


Լավագույն տարբերակը, որ հիմա Հայաստանը կարող է անել, դա Ուկրաինայի հարցով որևէ հայտարարություն չանելն է, «Ազատության» հետ զրույցում ասաց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը՝ հույս հայտնելով, որ դրա համար Հայաստանի ղեկավարությունը բավականաչափ ուշիմություն և քաղաքական կամք կունենա։

«Ուկրաինան դա Ղազախստան չէ, Ղազախստանում, եթե մեր ներգրավվածությունը մենք անգամ կարողանանք մարսել, Ուկրաինայում որևէ կերպ մեր մասնակցությունը մենք չենք մարսի», - ասաց փորձագետը՝ շեշտելով՝ լավագույն տարբերակը, որ հիմա Հայաստանը կարող է անել, դա որևէ կերպ այս իրարանցման մեջ չերևալն է։

«Միևնույն ժամանակ, եթե բանը հասնի հայտարարությանը, ես կարծում եմ, որ այդ հայտարարության մեջ առնվազն մի նախադասություն պետք է լինի, որ Հայաստանի դիրքորոշումը միշտ եղել է, որ տարածքային վեճերը և ընդհանրապես կոնֆլիկտային հացերը չունեն ուժային լուծում, բայց արցախյան երկրորդ պատերազմում, երբ Ադրբեջանը գնաց այդ ուժային լուծման և աշխարհը որևէ կերպ դրան լուրջ չարձագանքեց, ստեղծվեց նախադեպ, երբ միջազգային կոնֆլիկտը լուծվեց ուժային տարբերակով, և հենց դա է այն «Պանդորայի արկղը», որը որ բացվեց, և հիմա մի շարք երկրների ռազմաքաղաքական ղեկավարություն իր համար որոշել է որ, այո, ինքն ունի հնարավորություն ուժային տարբերակով լուծելու», - ասաց Քոչինյանը։

Այս պահին Հայաստանի առջև ծառացած ամենամեծ վտանգը փորձագետը համարում է կոնֆլիկտի վերածումը լայնածավալ ռազմական գործողությունների։

«Դրա առկայությունը Ռուսաստանին վերածելու է համաշխարհային «իզգոյի»՝ վտարանդի պետության, և նման պարագայում Ռուսաստանը, բնականաբար, փորձելու է իր հետ քաշել նաև իր դաշնակիցներին և այն երկրներին, որոնք կախված են իրենից։ Այ սա է, որ ամենամեծ սպառնալիքն է Հայաստանի առջև կախված այս պահին», - ասաց Քոչինյանը՝ նշելով, որ այդ պարագայում հնարավորություն չի տեսնում, թե Հայաստանը կարողանա դրանից մանևրել։

Հարցին, թե Հայաստանի սահմանները որքանո՞վ են անվտանգ, շատերն այդպիսի վտանգ տեսնում են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ուղղությամբ, փորձագետը պատասխանեց․ - «Այս փուլում ես չեմ կարծում, որ կա իրական վտանգ, բայց հետագա սրման պարագայում և իրավիճակի էլ ավելի վերահսկողությունից դուրս գալու պարագայում, չեմ բացառում, որ, այո, ստեղծվի նման վտանգ»։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Ուկրաինան արդեն հաղորդել է հարյուրավոր զոհերի մասին։

XS
SM
MD
LG