Երևանում են գտնվում անվանի երաժիշտներ, բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիրներ, Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար, դիրիժոր Վասիլի Պետրենկոն և դաշնակահար Սիմոն Տրպչեսկին՝ Հյուսիսային Մակեդոնիայից։
Փետրվարի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում նրանք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգան համերգով, որի ծրագրում տեղ են գտել Վեբերի, Ռավելի ստեղծագործությունները և Բրամսի թիվ 1 սիմֆոնիան։
Համերգից առաջ հրավիրված ասուլիսին Հայաստանի ազգայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդվարդ Թոփչյանը ներկայացնելով Վասիլի Պետրենկոյին՝ շեշտեց, որ նա այսօր աշխարհի ամենապահանջված դիրիժորներից է. - «Ուրախ եմ, որ Պետրոնկոյի նման մեծագույն դիրիժորը Հայաստանում է։ Շատ հայտնի դիրիժոր, որ աշխարհի լավագույն նվագախմբերի հետ է աշխատում։ Մեր ձգտումը միշտ եղել է, որ օրկեստրը առաջ գնա, որ լինի լավագույն օրկեստրների մեջ մի օր։ Եվ հիմա մեծ ձգտում ունենք ամենաբարձր կարգի դիրիժորները որպեսզի գան ու աշխատեն մեր ֆիլհարմոնիկի հետ։ Այս տարի մեզ հաջողվել է, ունենք մի քանի այդ կարգի դիրիժոր, և հիմա մեր կողքին Վասիլի Պետրենկոն է, որը աշխարհի լավագույն, փայլուն դիրիժորներից մեկն է, ամենամեծ, ամենահանրահայտ։ Եվ իր հետ ունենք Սիմոն Տրպչեսկուն, որը արդեն քաջ ծանոթ է հայաստանյան ունկնդրին։ Պատճառներից մեկը նա է, որ իրենք շատ հաճախ են իրար հետ նվագել։ Շնորհավորում եմ նախ մեզ, հետո մեր ունկնդրին»։
Վասիլի Պետրենկոն ասաց, որ 35 տարի առաջ է առաջին անգամ եղել Հայաստանում ծնողների հետ, երբ 12 տարեկան հասակում պարզապես հյուր էին եկել։ Այս անգամ արդեն բոլորովին այլ է։ Նա ղեկավարելու է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, և արդեն իսկ տեղի ունեցող նվագախմբի հետ փորձերից պարզ է, որ փոխըմբռնման մակարդակը շատ լավն է։ Առհասարակ, ընդգծում է Վասիլի Պետրենկոն, համերգի հաջողությունը, նվագախմբի և դիրիժորի արդյունավետ համագործակցությունը մեծ չափով կախված է այն բանից, թե որքանով է նվագախումբը համամիտ դիրիժորին և ինչպես է կարողանում իրականացնել առաջադրված գաղափարները։ Իսկ Ֆիլհարմոնիկ նվագախումբը, նրա համոզմամբ, ընդունում է իր մեկնաբանությունները և հրաշալի համագործակցություն է ստացվում։
Դաշնակահար Սիմոն Տրպչենսկին արդեն մի քանի անգամ է ելույթ ունեցել Հայաստանում և' Ազգային ֆիլհարմոնիկ և' Պետական սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ Շեշտում էր, որ ամեն անգամ մեծ հաճույքով է ընդունում հյուրախաղերի հրավերը, հատկապես մեծ համավարակի այս ժամանակաշրջանում։
Համերգային ծրագիրը դիրիժորի ընտրությամբ է եղել։ Ծրագրում ընդգրկված Բրամսի թիվ 1 սիմֆոնիան բացում է Խավարից դեպի Լույսը տանող ճանապարհը։ «Մեր կյանքի իմաստը, Բրամսի կյանքի իմաստը աշխարհը ավելի լավը դարձնելն է», - ասաց Պետրենկոն։