- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Ռուսական կողմը տեղեկացրել է ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որ հումանիտար միջանցքներ է բացում Ուկրաինայում։ Այդ մասին այսօր հայտնել է Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգման կենտրոնը՝ ընդգծելով, որ տարհանման նկատմամբ հսկողություն կիրականացվի մասնավորապես ռուսական անօդաչու թռչող սարքերի օգնությամբ։
Պաշտոնական Կիևից կոնկրետ գործողություններ են սպասվում՝ մարդասիրական միջանցքներ բացելու համար, նշված է հաղորդագրությունում։
Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգման կենտրոնն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը հայտարարում են հրադադարի մասին առավոտյան ժամը 10-ից և բացում են մարդասիրական միջանցքները Կիևից, Խարկովից, Սումիից և Մարիուպոլից։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի ուշ երեկոյան հեռարձակված ուղերձում պնդել է, որ արևմտյան պետությունների ղեկավարները պատշաճ կերպով չեն արձագանքում փետրվարի 24-ին սկիզբ առած ռազմական գործողությունների ընթացքում խաղաղ բնակչության կրած զրկանքներին և Ռուսաստանի զինված ուժերի կողմից իրականացվող ռմբակոծություններին ու հրթիռակոծություններին։