- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Մարիուպոլ քաղաքի շրջափակումը կավարտվի այսօր, քաղաքը օղակի մեջ կվերցվի, հայտարարել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության միլիցիայի վարչության պետի տեղակալ Էդուարդ Բասուրինը։
«Ամեն ինչ պետք է անել, որպեսզի խաղաղ բնակչությունը չտուժի։ Ի դեպ, սննդի հետ կապված շատ մեծ խնդիր կա: Սա պետք է ինչ-որ կերպ կարգավորել և փորձել հնարավորինս արագ ապաշրջափակել քաղաքը, մարդասիրական միջանցք ստեղծենք, որպեսզի խաղաղ բնակիչները կարողանան դուրս գալ», - ասել է Բասուրինը։
- Հեղինակ՝ Տաթևիկ Սարգսյան
Պաշտոնական Անկարան վճռական է՝ կիրառել Մոնտրոյի կոնվենցիայի դրույթները և փակել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները ռուսական և ուկրաինական ռազմական նավերի համար, հայտարարել է Թուրքիայի նախագահը:
«Մենք վճռական ենք՝ կիրառել Մոնտրոյի կոնվենցիայով նեղուցներում նավերի երթևեկության հարցում մեզ տրված լիազորությունները, որպեզի կանխենք ճգնաժամի խորացումը: Ինչպես մշտապես ասել ենք, կողմ ենք Ուկրաինայի ինքնիշխանությանը, քաղաքական միասնությանն ու տարածքային ամբողջականությանը: Մենք անընդունելի ենք համարում Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի տարածքների նկատմամբ, ողջունում ենք Ուկրաինայի ղեկավարության ու ժողովրդի մղած պայքարը», - հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին կառավարության նիստից հետո: