- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են», - քիչ առաջ իր տելեգրամյան ալիքում տեղեկացրել է Ուկրաինայի Ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն՝ որևէ հավելյալ տեղեկություն չներկայացնելով։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Այժմ հարկավոր է կենտրոնանալ գործնական խնդիրների լուծման, այլ ոչ թե Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցելու հարցի վրա», - արձագանքելով Կիևից հնչող հայտարարություններին՝ երկուշաբթի օրը հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության գծով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Այսօր Ուկրաինայի անդամակցության հարցը օրակարգում չէ։ Անդամակցությունը այնպիսի մի գործընթաց է, որ տարիներ է տևում։ Այսօր մենք պետք է կենտրոնանանք առաջիկա ժամերի, այլ ոչ թե առաջիկա տարիների խնդիրների վրա», - նշել է Բորելը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը հնարավոր է հանգուցալուծել միայն այն դեպքում, եթե «Մոսկվայի շահերը աներկբա կերպով հաշվի առնվեն»։ Դրանց թվում են, ըստ Պուտինի, Ուկրաինայի չեզոք կարգավիճակի ապահովումը և Ղրիմի ճանաչումը որպես Ռուսաստանի անբաժան մաս։
Ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել դրանք առաջիկա օրերին շարունակելու հարցում:
Բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը, հղում անելով Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Միխաիլ Պոդոլյակին, հայտնել է, որ «կողմերը գնում են մայրաքաղաքներ՝ խորհրդակցությունների»։
Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին էլ շուրջ հինգ ժամ տևած բանակցություններից հետո ասել է, որ «գտնվել են որոշ կետեր, որոնցով կարելի է կանխատեսել ընդհանուր դիրքորոշումները»։