- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբը պնդում է, որ ռուսական հարձակման արագությունը դանդաղել է։
«Ռուսաստանցի զավթիչները նվազեցրել են հարձակման տեմպերը, սակայն դեռ շարունակում են հաջողությունը զարգացնելու փորձերը։ Հարձակման ընթացքում հակառակորդը շարունակում է հարվածներ հասցնել քաղաքացիական և ռազմական օդանավակայաններին, հրամանատարական կետերին, ՀՕՊ համակարգերին, բնակավայրերին և պաշտպանական շրջաններում տեղակայված ստորաբաժանումներին։ Հակառակորդը, սակայն, բարոյալքված է և ծանր կորուստներ է կրում», - այսօր հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ ԳՇ ներկայացուցիչը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանի հետ ռազմական գործողությունների ֆոնին Ուկրաինայի քաղաքացիները և երկրի տարածքում գտնվող օտարերկրացիները շարունակում են լքել երկիրը՝ հեռանալով սահմանակից եվրոպական պետություններ։
Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության տվյալներով՝ Ուկրաինան լքած խաղաղ բնակիչների թիվը կիրակի օրվա դրությամբ 368 հազար է կազմել։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Պաշտոնական Մոսկվան պնդում է, որ Ուկրաինայի տարածք մուտք գործած Ռուսաստանի ԶՈՒ ստորաբաժանումները վերահսկողություն են սահմանել Եվրոպայի խոշորագույն Զապորոժիեի ատոմակայանի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Ուկրաինայի ատոմային էներգետիկան կառավարող «Էներգոատոմ» ընկերությունից, սակայն, կտրականապես հերքում են պաշտոնական Մոսկվայի տարածած այս տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը և դրա հարևանությամբ գտնվող Էներգոդար քաղաքը շարունակում են վերահսկվել ուկրաինական բանակի կողմից։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Բելառուսի և Ուկրաինայի սահմանին գտնվող Պրիպյատի շրջանում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնական պատվիրակությունների բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։