Կիևում հրթիռակոծվել է բնակելի բազմահարկ շենք: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ տուժել է վեց մարդ։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նշել է, որ շենքը գտնվում է Լոբանովսկի պողոտայում՝ Ժուլյանի օդանավակայանից չորսուկես կիլոմետր հեռավորության վրա։
Անհրաժեշտ է որոշում կայացնել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Զելենսկին հավելել է, որ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է Ուկրաինային հետագա օգնության հարցը։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Շաբաթ առավոտյան «Ռոյթերսի» թղթակիցը մեքենայով շրջել է Կիևի կենտրոնում և հաղորդում է, որ փողոցները գրեթե դատարկ են, շատ քիչ մեքենաներ ու մարդիկ կան։ Բնակիչները վախենում են ռուսական ուժերի ներխուժումից Ուկրաինայի մայրաքաղաք։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն այսօր առավոտյան ասել է, որ գիշերվա ընթացքում քաղաքում տեղի ունեցած մարտերի հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել։
Կիևում կրկին տագնապի ազդանշաններ են հնչել
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը շաբաթ օրը հայտնել է, որ այս պահի դրությամբ ոչնչացվել է ռուսական ուժերի 14 օդանավ, 8 ուղղաթիռ, 102 տանկ, 536 ռազմական մեքենա, 15 հրետանային համակարգ և 3 հազար 500 զինվոր։ Ըստ հաղորդագրության՝ Ռուսաստանը լրացուցիչ ուժեր է տեղափոխում Ուկրաինային սահմանամերձ շրջաններ։
Պատերազմի երեք օրվա ընթացքում ռուսական կողմն իր կորուստների մասին պաշտոնապես ոչինչ չի հաղորդում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսօր ասել է, որ հարվածել են ուկրաինական զինուժի 821 օբյեկտների։