- Հեղինակ՝ Սիրանույշ Գեւորգյան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման կապակցությամբ հայտարարություններ են արել։
«Միայն Ռուսաստանն է պատասխանատու ավերածությունների համար», որը կբերի Ուկրաինայի վրա հարձակումը, հայտարարել է Ջո Բայդենը։
«Ողջ աշխարհի աղոթքները Ուկրաինայի ժողովրդի համար են, որը տառապում է ռուսական ուժերի կողմից չհրահրված և չարդարացված հարձակման հետևանքով։ Նախագահ Պուտինը ընտրել է կանխամտածված պատերազմի ճանապարհը, որը կհանգեցնի մարդկային ահռելի կորուստների և տառապանքի։ Միայն Ռուսաստանն է պատասխանատվություն կրում մահերի համար, որը կբերի այս հարձակումը, և Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցներն ու գործընկերները կպատասխանեն միասնական և վճռական եղանակով։ Աշխարհը պատասխանատվության կկանչի Ռուսաստանին»,- հայտարարել է Բայդենը։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ առավոտյան մեծ յոթնյակի երկրների հետ հանդիպում կանցկացնի, որից հետո ԱՄՆ ժողովրդի առջև ուղերձով հանդես կգա, որպեսզի բացատրի Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցները։
Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ցնցված է ուկրաինական սարսափելի իրադարձություններից։ Նրա խոսքով, Պուտինը ընտրել է արյունահեղության և ավերածության ճանապարհը։Վարչապետը խոստացել է, որ Մեծ Բրիտանիան ու դաշնակիցները վճռական պատասխան կտան։
- Հեղինակ՝ Սիրանույշ Գեւորգյան
Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարությամբ են հանդես եկել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի «աննախադեպ և չհրահրված ռազմական ագրեսիայի» կապակցությամբ՝ «հնարավորինս խստագույն ձևով դատապարտելով» այն։
«Իր չհրահրված և չարդարացված ռազմական գործողություններով Ռուսաստանը կոպտորեն ոտնահարում է միջազգային օրենքը, վտանգում եվրոպական և համաշխարհային անվտանգությունն ու կայունությունը», - ասված է հայտարարությունում։
Եվրամիության ղեկավարները Ռուսաստանին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դուրս բերել զորքերն Ուկրաինայից և ամբողջապես հարգել այդ երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը։ «Ուժի նման գործադրումը և հարկադրանքը տեղ չունի 21-րդ դարում», - ասված է հայտարարությունում։
Հաղորդվում է նաև որ Միշելն այսօր Եվրոպական խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել՝ անդրատլանտյան գործընկերների հետ սերտ համակարգմամբ քննարկելու ուկրաինական ճգնաժամը և Ռուսաստանի նկատմամբ հետագա «զսպող միջոցառումները, որոնք զանգվածային ու ծանր հետևանքներ կթողնեն Ռուսաստանի վրա՝ իր գործողությունների համար»։
«Մենք համակարգում ենք մեր արձագանքը մեր միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի և Մեծ յոթնյակի հետ, որոնց առաջնորդներն այսօր հանդիպելու են», - հայտարարում են Շառլ Միշելը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
- Հեղինակ՝ Սիրանույշ Գեւորգյան
Ռոսավիացիան հայտարարել է, որ Ռուսաստանի հարավում դադարեցրել է 12 օդանավակայանների գործունեությունը՝ հայտարարելով, որ այդ օդային տարածքը «ապահով չէ քաղաքացիական օդանավերի և ուղևորների համար»։
Միևնույն ժամանակ Ուկրաինան է փակել իր օդային տարածքը քաղաքացիական ինքնաթիռների համար։ Ռուսաստանը դադարեցրել է Ռոստովի, Կրասնոդարի, Անապայի, Գելենջիկի, Էլիստայի, Ստավրոպոլի, Բելգորոդի, Բրյանսկի, Օրյոլի, Կուրսկի, Վորոնեժի և Սիմֆերոպոլի օդանավակայանների աշխատանքը։
- Հեղինակ՝ Սիրանույշ Գեւորգյան
Ռուսական ֆոնդային բորսաները Ուկրաինայի վրա հարձակման ֆոնին 30-35 տոկոսի անկում են ապրել։ Երկրի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ արժույթի շուկայում ինտերվենցիաներ է սկսում։
Ավելի վաղ մոսկովյան բորսան հայտարարել էր, որ դադարեցնում է արժեթղթերի առքուվաճառքը բոլոր բորսաներում։ Մոսկվայից հետո նաև Սանկտ Պետերբուրգի բորսան է դադարեցրել գործունեությունը։
Այս ամենից հետո Ռուսաստանի կենտրոնական բանկը հայտնել է, որ իրավիճակը կայունացնելու նպատակով որոշել է արժեթղթի շուկաներում ինտերվենցիաներ անել։ Գլխավոր դրամատունը հավելել է, որ հստակ ծրագրեր ունի՝ իրավիճակի զարգացման ցանկացած սցենարի դեպքում։