Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ, գեներալ Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ բռնակցված Սևաստոպոլում սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի Սևծովյան նավատորմի շտաբի հրթիռակոծության հետևանքով ծանր վիրավորվել են Զապորոժիեի ուղղությամբ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։
Բուդանովի խոսքերով՝ ընդհանուր առմամբ զոհվել է առնվազն 9 մարդ, վիրավորվել՝ 16-ը։ Այս տեղեկատվության անկախ հաստատում չկա։
ՌԴ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ հրթիռային հարձակումից հետո մեկ զինծառայող է անհետ կորել։
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Բուդանովը, մասնավորապես, ասել է. «Վիրավորների թվում խմբավորման հրամանատար գեներալ -գնդապետ (Ալեքսանդր) Ռոմանչուկն է՝ շատ ծանր վիճակում, շտաբի պետ գեներալ-լեյտենանտ (Օլեգ) Ցեկովը գտնվում է անգիտակից վիճակում»։
Միաժամանակ Բուդանովը չի հաստատել ռուսաստանյան Սևծովյան նավատորմի հրամանատար Վիկտոր Սոկոլովի մահվան մասին ուկրաինական Տելեգրամ ալիքներում շրջանառվող լուրը։ Սևծովյան նավատորմի գլխավոր շտաբի շենքի վրա հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ կեսօրին։ Շենքը խոցվել է մի քանի հրթիռներով։
Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Սևաստոպոլում գտնվող Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանի շենքին:
Մի բեկոր Սևաստոպոլում ընկել է Լունաչարսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի շենքի մոտ:
«Թշնամին հրթիռային հարված է հասցրել նավատորմի շտաբին: Բոլոր օպերատիվ ծառայությունները մեկնել են տեղամաս: Զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են»,- Տելեգրամ ալիքում գրել է Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը:
Նրա փոխանցմամբ, հնարավոր է ևս մեկ հարձակում: Նա այդ կապակցությամբ բնակիչներին խնդրել է չմեկնել քաղաքի կենտրոն և դուրս չգալ տներից:
«Ով գտնվում է նավատորմի շտաբի մոտ, երբ հնչում է տագնապի ազդանշանը՝ գնացեք ապաստարաններ»,- նախազգուշացրել է Ռազվոզժաևը:
Հաղորդվում է, որ հրթիռակոծման վայր են մեկնել շտապօգնության մեծ թվով մեքենաներ: Պայթյունից սկսվել է հրդեհ, որը հիմա մարում են: Ավելի ուշ նահանգապետը հայտնել է, որ տուժածներ չկան:
Սևծովյան նավատորմի շտաբը գտնվում է Սևաստոպոլի պատմական կենտրոնում, դրա հարևանությամբ գտնվում են մեծ թվով քաղաքացիական օբյեկտներ:
Ռուսաստանը և Բելառուսն աշխատում են անվտանգության համատեղ հայեցակարգի ստեղծման վրա։ Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Քանի որ դա արդեն քննարկվել է ամենաբարձր մակարդակով, այդ աշխատանքը շարունակվում է»,- ասել է խոսնակը, մեկնաբանելով ներկա փուլում կատարվող աշխատանքը:
Բելառուսը և Ռուսաստանը Միութենական պետություն են կառուցում 1999 թվականից։
Կողմերը բազմիցս նշել են, որ երկու երկրները հատուկ ուշադրություն են դարձնում համատեղ ջանքերով ազգային անվտանգության ապահովմանը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ գոհունակությամբ է խոսել ԱՄՆ կատարած այցի արդյունքների մասին:
Նրա խոսքով, Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Կիևին 325 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին:
Զելենսկին հրապարակել է իր արած տեսագրությունը, որում շնորհակալություն է հայտնել Բայդենին՝ պաշտպանության հարցում Ուկրաինային մշտապես սատարելու համար:
Զելենսկին Վաշինգտոն է մեկնելն Նյու Յորքից, որտեղ սեպտեմբերի 19-ին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում: