Ուկրաինական կողմը հաղորդում է, որ Սումիի մարզում Ռոմնի քաղաքի դպրոցի շենքն ընկել է ռուսական ուժերի անօդաչու թռչող սարքերի հարվածների տակ, ինչի հետևանքով երկու ուսուցիչ է զոհվել։ Երեք մարդ վիրավորվել է, ևս երկուսը հնարավոր է գտնվում են փլատակների տակ։ Օդային հարձակումը կատարվել է առավոտյան ժամը 10-ի սահմաններում։
Գիշերվա ժամը 4-ին ռմբակոծվել է Խերսոնը՝ վեց մարդ է տուժել։ Իրանական «Շահեդ» անօդաչուներով ռուսները հարվածել են նաև Օդեսայի մարզի Դանուբի նավահանգստային ենթակառուցվածքներին։ Հացահատիկի պահեստում հրդեհ էր բռնկվել։
Ռուսաստանի Բելգորոդի շրջանի ղեկավարության հաղորդման համաձայն՝ ուկրաինական կողմի անօդաչուների հարվածներից Լավի գյուղի առողջարանում երեք մարդ է զոհվել։
Անցած գիշեր հերթական անգամ անօդաչուները հասել են Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա։ Դրոններից մեկը հարվածել է Մոսկվա Սիթի գործարար կենտրոնում նոր կառուցվող մասնաշենքին։ Մոսկվա Սիթին արդեն չորրորդ անգամ է ենթարկվում դրոնների հարձակման։
Օգոստոսի 23-ի առավոտյան սոցցանցերում տեսանյութեր հայտնվեցին Ղրիմում տեղի ունեցած պայթյունի մասին։ Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը հաղորդում է, որ օկուպացված Ղրիմում C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգ է ոչնչացվել։
Այս օրերին կատաղի մարտեր են Զապորոժիեի մարզում։ Ուկրաինական կողմը հայտնում է, որ 47-րդ բրիգադի մարտիկները մտել են ռուսների վերահսկողության տակ գտնվող Ռոբոտինո գյուղ և բետեէռներով տարհանել գյուղի բնակիչներին։
«Մեզ դուրս են հանել։ Մենք այնքան երկար ենք սպասել մեր տղաներին, չենք հավատում, որ այստեղ են արդեն և մեզ փրկում են», - նշել է տեղացիներից մի կին։
Գյուղի համար մարտերը շարունակվում են։ Ռուս բլոգերները գրել են, որ ռուսական զորքերը վերահսկում են գյուղի միայն հարավային ծայրամասերը։ Ռաբոտինո գյուղը գտնվում է ռուսական զորքերի պաշտպանության առաջին գծում՝ Մելիտոպոլի ուղղությամբ, գյուղի մատույցներում մարտերը սկսվել էին դեռևս հունիսի սկզբին, ուկրաինացի զինվորականներին հաջողվել է ճեղքել ականապատ դաշտերը, այսօր նրանք արդեն Ռաբոտինոյի հյուսիս-արևելյան ծայրամասում են։
Նախօրեին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Ռաբոտինոյի հարավ-արևելքում Ուկրաինայի զինված ուժերի հաջողությունների մասին։
Այս գիշեր անօդաչուները կրկին հայտնվել են Մոսկվայի օդում, ՀՕՊ-ը կրկին կարողացել է խոցել դրանք, բեկորներն ընկել են Մոսկվայի Ստրոգինո թաղամասում և մերձմոսկովյան Կրասնոգորսկում, տուժածներ և ավերածություններ չկան, բեկորներից ջարդվել են բազմահարկ շենքի պատուհանները, վնասվել են ավտոմեքենաներ։
Գիշերը կրկին փակ էին «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայանները։ Դիտորդներն արձանագրում են, որ չնայած գրեթե ամեն գիշեր անօդաչուների պայթյուններին Մոսկվայում և մերձ Մոսկվայում, մոսկվացիները շատ հանգիստ են արձաքանքում այդ հարվածներին, նույնիսկ երբ դրանք հենց նրանց տան կողքին են պայթում։
Սոցիոլոգ Դմիտրի Դուբրովսկին «Ազատության» ռուսական ծառայության Настоящее время ծրագրի եթերում բացատրում է այդ հանգստությունը. - «Մարդը չի կարող երկար ժամանակ լինել սարսափի ու խուճապի մեջ՝ նա պետք է ինչ-որ կերպ լուծի այդ հարցը։ Եվ սովորաբար նա որոշում է. «Ամեն ինչ լավ է, ամեն ինչ վերահսկվում է: Ինչ-որ բան ռմբակոծվել է այնտեղ, գնանք, տեսնենք: Լավ է: Ինձ բան չի եղել, ամեն ինչ լավ է»:
Միաժամանակ սոցիոլոգը ասում է, որ եթե լինի համընդհանուր մոբիլիզացիա, և պատերազմի շունչը զգա արդեն ռուսաստանցիների մեծ մասը, վերաբերմունքը կփոխվի, և սա հասկանում են նաև Կրեմլում։
Իսկ Յոհաննեսբուրգում այսօր մեկնարկում է BRICS-ի գագաթնաժողովը, որին ՌԴ նախագահը մասնակցելու է տեսակապի միջոցով, Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք նրա փոխարեն ժամանել է արտգործնախարար Լավրովը։
Ուկրաինայում ռազմական գործողությունները լուսաբանող ռուսական և ուկրաինական Տելեգրամ ալիքները հաղորդում են Զապորոժիեի շրջանի Ռաբոտինո գյուղում ինտենսիվ մարտերի մասին: Գյուղը գտնվում է ռուսական զորքերի պաշտպանության առաջնագծում՝ Տոկմակի, ապա նաև Մելիտոպոլի ուղղությամբ։ Դրա մատույցներում ռազմական գործողությունները շարունակվում են հունիսին ուկրաինական հարձակման սկզբից։
Վերջին օրերին հաղորդվում էր ուկրաինացի զինվորականների կողմից բուն Ռաբոտինոյի ճեղքման մասին։ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները «հաջողություն են ունեցել Ռաբոտինոյի հարավ-արևելք և Զապորոժիեի շրջանի Մալայա Տոկմաչկայից հարավ ընկած ուղղություններում», իսկ գյուղում «պլանավորված մարտական աշխատանքը շարունակվում է»:
Ռուսական աղբյուրները հայտնում են գյուղի կենտրոնական հատվածում մարտերի մասին։ Ռուսաստանյան մի շարք Տելեգրամ ալիքներ այսօր հաղորդում են ռազմաճակատի մեկ այլ հատվածում՝ Կուպյանսկի շրջանում ռուսական զորքերի հաջողության մասին։ Ըստ որոշ աղբյուրների՝ ռուսները գրավել են Խարկովի մարզի նույնանուն քաղաքից հյուսիս-արևելք գտնվող Սինկովկա գյուղը։ Ուկրաինական աղբյուրները, սակայն, պնդում են, որ Սինկովկայում նկարահանված տեսանյութը բեմադրված է՝ հերքելով գյուղի կորուստը։
ՌԴ ՊՆ-ն այսօրվա հաղորդագրությունում հաղորդում է «Կուպյանսկի ուղղությամբ առաջնագծում իրավիճակի բարելավման մասին»՝ չնշելով բնակավայրերը։
Ակտիվ ռազմական գործողությունների պայմաններում անկախ աղբյուրներին առայժմ չի հաջողվում ինքնուրույն ստուգել կողմերի պնդումները։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, պատասխանելով ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցության դիմաց հնարավոր տարածքային զիջումների մասին հարցին, ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հնարավորության դիմաց Ուկրաինան պատրաստ է փոխանակել միայն ռուսական Բելգորոդ քաղաքը։
Բելգորոդը Ուկրաինային սահմանակից ռուսաստանյան քաղաք է, որը պարբերաբար գնդակոծությունների է ենթարկվում Ուկրաինայի զինված ուժերի կողմից։
Ուկրաինայի առաջնորդի հայտարարությունը հնչել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ համատեղ ասուլիսում։ Մինչ այդ էլ Նիդեռլանդներում Զելենսկին նույն հարցին ի պատասխան բացառել էր ուկրաինական տարածքների հետ «ինչ-որ բան փոխանակելու» հնարավորությունը։
Անցած շաբաթ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի ղեկավար Ստիան Յենսենը հայտարարել է, թե իր կարծիքով՝ պատերազմի ավարտի փուլերից մեկը կարող է լինել Ուկրաինայի հրաժարումը իր տարածքի մի մասից՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու դիմաց։ Դաշինքի պաշտոնյայի հայտարարությունը հարուցել էր Կիևի կոշտ արձագանքը, ինչից հետո Յենսենն իր խոսքերը «սխալ է» է որակել՝ պարզաբանելով թե դրանք հնչել են «ապագայի սցենարների շուրջ լայն քննարկումների» ենթատեքստում։