Ռուսական բանակը շարունակում է ինտենսիվ ռմբակոծել ուկրաինական բնակավայրերը։ Վերջին օրերին ուժգին հարվածների տակ է Օդեսա քաղաքը, որի երկնքում ուկրաինական ՀՕՊ-ը միայն այս գիշեր կարողացել է խոցել 15 անօդաչու և ութ կալիբր հրթիռ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ օգոստոսի 14-ի գիշերը ռուս զինվորականները հարվածել են Ուկրաինայի զինված ուժերի «հեռակառավարվող նավակների արտադրության և պահեստավորման վայրերի վրա»։
Հուլիսին ՊՆ-ն այս գնդակոծություններն անվանել էր «պատասխան հարվածներ» Ղրիմի կամրջի վրա հարձակման համար։
Հարվածի տակ էին վերջին օրերին նաև Խարկովի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը։
Խերսոնի մարզում երկուշաբթի օրը հայտարարված է սգո օր։ Կիրակի օրը այդ շրջանի Շիրոկայա Բալկա գյուղի հրետանային գնդակոծության արդյունքում զոհվել է մի ամբողջ ընտանիք՝ ծնողներ և նրանց երկու երեխաները։
«Առավոտյան՝ ժամը 9-ին, օկուպանտները հարվածել են Շիրոկայա Բալկա գյուղին։ Հրետանուց հինգ մահացած կա, նրանց թվում՝ փոքրիկ աղջիկ, նա 22 օրական էր։ Նրա եղբորը, որը ընդամենը 12 տարեկան էր, հիվանդանոց տեղափոխեցին։ Ցավոք, նրան չեն կարողացել փրկել։ Նա մահացել է ստացած ծանր վնասվածքներից», - հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ընդհանուր առմամբ, Խերսոնի շրջանում կիրակնօրյա հրետակոծության զոհ է դարձել 7 մարդ, վիրավորվել՝ 13-ը։
Անցած շաբաթ ուկրաինական ուժերը վերահսկողություն են հաստատել Բախմուտի մերձակայքում գտնվող՝ 3 քառակուսի կիլոմետր տարածքում, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
Նրա խոսքերով հունիսից՝ ուկրաինական հակահարձակման մեկնարկից ի վեր Բախմուտի հարավային թևում ընդհանուր առմամբ 40 քառակուսի կիլոմետր է ազատագրվել։ Մալյարը հայտարարել է նաև Ուկրաինայի զինված ուժերի «որոշակի հաջողության» մասին Դոնեցկի մարզի Ուրոժայնոյե գյուղում։ Ռուսական կողմն այս պնդումները չի հաստատում։
The New York Times-ի երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ Ուկրաինայի զինված ուժերը «տակտիկական նշանակալի» առաջընթաց են գրանցել Ուկրաինայի հարավի երկու հիմնական ճակատներում: Թերթի համաձայն՝ ուկրաինական զորքերը վերահսկողություն են հաստատել 16-ից 20 կիլոմետր տարածքում՝ Բերդյանսկի ու Մելիտոպոլի ուղղությամբ:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կիրակի երեկոյան Բելգորոդի շրջանում խոցվել է չորրորդ անօդաչու թռչող սարքը մեկ օրում։
«Բելգորոդի շրջանի տարածքում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է անօդաչու թռչող սարք: Զոհեր և ավերածություններ չկան»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Ըստ զինվորականների, անօդաչու թռչող սարքի նպատակը Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտներն են եղել։ Երեկ ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երեք անօդաչու թռչող սարք են խոցել Բելգորոդի մարզում և մեկը՝ Կուրսկի շրջանում։
Կիևում, Օդեսայում և Ուկրաինայի մի շարք շրջաններում այս գիշեր օդային տագնապ է հայտարարվել։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը գիշերը ոչնչացրել է 15 անօդաչու թռչող սարք և 8 «Կալիբր» հրթիռ, հայտնում են տեղական իշխանությունները։
Հրթիռային հարձակումից հետո Օդեսայում հրդեհներ են: Հրթիռների բեկորները վնասել են Օդեսայի կենտրոնում գտնվող հանրակացարանը, ինչպես նաև սուպերմարկետը, երեք աշխատակից տուժել է: