Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

17:41 12.8.2023

Անցած գիշեր առնվազն 20 ուկրաինական հարվածային անօդաչուներ գրոհել են Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի թերակղզին։

Հարձակման փաստը հաստատել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ պնդելով, որ հարվածային դրոններից 14-ը ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, ևս վեցը չեզոքացվել են՝ «ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով»։

Ականատեսների վկայությամբ, այսօր վաղ առավոտյան կրկին դադարեցվել է երթևեկությունը Ղրիմի կամրջով։

Թերակղզու բնակիչներից ոմանց խոսքով՝ գիշերային ժամերին Ղրիմի մի շարք շրջաններում պայթյուններ են լսվել։

17:40 12.8.2023

ԱՄՆ ղեկավարությունը չի բացառում, որ պատերազմն Ուկրաինայում կշարունակվի 2024 թվականին, և, դա հաշվի առնելով, վարչակազմը պատրաստ է դիմել Կոնգրեսին՝ Կիևին լրացուցիչ օգնություն տրամադրելու խնդրանքներով։

Այդ մասին օգոստոսի 11-ին ճեպազրույցում ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:

Նա այդպես մեկնաբանել է հինգշաբթի օրը Միացյալ Նահանգների կառավարության դիմումը Կոնգրեսին 2023-ի ֆինանսական տարում Ուկրաինային լրացուցիչ օգնություն տալու խնդրանքով:

«Մենք կարծում ենք, որ դա այն անհրաժեշտ գումարն է, որը պետք է հայցել: Մենք հաշվի ենք առնում Ուկրաինայում ներկայիս ռազմական վիճակը և այն, որ ռազմական գործողությունները դեռ կշարունակվեն, երբ մենք կթևակոխենք հաջորդ ֆինանսական տարվա առաջին եռամսյակ»,- ասել է Քիրբին։

23:13 11.8.2023

BBC-ի ռուսական ծառայությունը և Mediazona կայքը համատեղ անցկացրած հետաքննության արդյունքում հայտնել են, որ Ռուսաստանն Ուկրաինայում պատերազմի ընթացքում կորցրել է առնվազն 30 հազար 3 զինծառայող:

Խոսքն օգոստոսի 11-ի դրությամբ անուն-ազգանուններով և հուղարկավորության կոնկրետ վայրով հաստատված զոհերի մասին է:

Մասնագետները ենթադրում են, որ կորուստների իրական թիվը, հավանաբար, 2-2.5 անգամ ավելի մեծ է:

ՌԴ պաշտպանության նախարարությունը վերջին անգամ՝ 2022 թվականի սեպտեմբերին, հայտնել է, որ պատերազմում զոհվել է 5937 մարդ։

Ուկրաինան նույնպես չի հրապարակում կորուստների վիճակագրությունը:

Այս տարվա գարնանը մամուլում հայտնվել է Պենտագոնի մասնագետներին վերագրվող մի վերլուծություն, ըստ որի, պատերազմում զոհվել է 15 հազար 500-ից 17 հազար 500, իսկ վիրավորվել է 109-113 հազար ուկրաինացի զինծառայող:

17:14 11.8.2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է բոլոր մազերի զինկոմիսարիատների ղեկավարներին։

«Այդ համակարգը պետք է ղեկավարեն մարդիկ, որոնք գիտեն՝ ինչ է պատերազմը, և ինչու պատերազմի ժամանակ ցինիզմն ու կաշառակերությունը պետական դավաճանություն են»,- ասել է Զելենսկին իր տեսաուղերձում։

Նրա խոսքերով՝ բանակի համալրումը պետք է վստահել պատերազմն անցած մարդկանց։

Զելենսկին այս հայտարարությամբ հանդես եկավ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հատուկ նիստից հետո, որտեղ ներկայացվել են զինկոմիսարիատներում կատարված ստուգումների արդյունքները։

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ ստուգումների արդյունքում 112 պաշտոնեական անձանց դեմ քրեական գործ է հարուցվել, ևս 33-ը կասկածյալ են։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG