Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստը, որը վարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նիստի ավարտին տարածվել է հայտարարություն, որով Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ և դադարեցնել ռազմական գործողությունները։
«Մանրամասն քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքը և դրա հնարավոր հետևանքները մեր տարածաշրջանի համար: Սև ծովում լարվածության աճը ոչ մեկին ձեռնտու չէ: Ազգային անվտանգության խորհուրդը կողմերին կոչ է անում վերսկսել բանակցություններն ու անհապաղ դադարեցնել պատերազմը»,- ասված է ԱԱԽ հաղորդագրությունում:
Թուրքիայի ԱԱԽ-ն նաև կարևորել է հացահատիկի գործարքի վերականգնումը, քանի որ դա կկանխի հնարավոր բացասական հետևանքները հատկապես աղքատ պետություններում և կնպաստի պարենային կայունությանը։
Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքի վրա ռուսական հարձակման հետևանքով 9 մարդ է զոհվել, երեկ երեկոյան, ելույթի ժամանակ, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ավելի վաղ հաղորդվել էր 7 զոհի մասին։
Վիրավորների թվում երկու երեխա կա, որոնցից մեկի վիճակը ծանր է, ասել է Զելենսկին։
Այս հրետակոծության հետևանքով 82 մարդ է վիրավորվել։ Զոհերի թվում, ըստ ուկրաինական իշխանությունների, 5 խաղաղ բնակիչ կա, իսկ վիրավորների թվում՝ առնվազն 29 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 2 երեխա։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ երկու մարտական ԱԹՍ է խոցվել, որոնք թռչել են դեպի Ռուսաստանի մայրաքաղաք:
«Մեկը՝ Դոմոդեդովո շրջանում, երկրորդը՝ Մինսկի մայրուղու տարածքում»,- գրել է Սոբյանինը Telegram-ի իր ալիքում։
Նրա խոսքով՝ տուժածների մասին տեղեկություններ չկան։ Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները։
Ուկրաինական հակահարձակումը շարունակվում է. ուկրաինացիները փորձում են առաջ գնալ հատկապես հարավում։ Ռուսական կողմը հայտնել է, թե ուկրաինացի զինվորականները գիշերը փորձել են մտնել Դնեպր գետի ռուսների հսկողության տակ գտնվող ձախ ափի տարածք։ Խերսոնի շրջանի ռուսների նշանակած ղեկավար Վլադիմիր Սալդոն Տելեգրամ ալիքում գրել է, թե ուկրաինացի զինծառայողները դրա համար օգտագործել են նավակներ, որոնք ռուսական կողմը ոչնչացրել է։
Ռուս բլոգերները, սակայն, պնդում են, որ հարձակումն ամբողջությամբ հետ չի մղվել, և Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է հաստատվել Կազաչյի լագերյա գյուղի մատույցներում։ Որոշ աղբյուրների տվյալներով էլ՝ ուկրաինացի զինվորականներին հաջողվել է գրավել ռուսական պաշտպանության առաջին գծի խրամատները:
Ուկրաինական կողմն այս տեղեկությունը չի մեկնաբանել, փոխարենը հայտնել է, որ Բախմուտի ուղղությամբ նախաձեռնությունը մնում է Ուկրաինայինը, միաժամանակ նշել, որ ռուսական զորքերը «ուժգին դիմադրություն» են ցույց տալիս։ Վերջին օրվա ընթացքում Բախմուտի ուղղությամբ տեղի է ունեցել 16 բախում, ռուսական զորքերը ակտիվորեն օգտագործում են ծանր հրետանի և ականանետեր։
Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից 18 հարձակում է հետ մղվել Բախմուտի, Կլեշչևկայի և Զայցևոյի շրջանում։։
Նախօրեին ուկրաինացիները կրկին պայթեցրել էին Ղրիմը ռուսների վերահսկողության տակ գտնվող տարածքների հետ կապող կամուրջները։ Վերջին շրջանում հաճախակի են նաև հարվածները ՌԴ տարածքին, այդ թվում՝ Մոսկվային։