Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

15:35 5.8.2023

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովի փոխանցմամբ, ռուսական ուժերը գրավել են Նովոսելովսկոյե բնակավայրը:

«Կուպյանսկի ուղղությամբ զորքերի արևմտյան խմբավորման ստորաբաժանումների գրագետ և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հաջողվել է ազատագրել Լուգանսի ժողովրդական հանրապետության Նովոսելովսկոյե բնակավայրը», - օգոստոսի 5-ին ասել է Կոնաշենկովը:

12:21 5.8.2023

Կերչի նեղուցում անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ ռուսական լցանավ է խոցվել։ «Ազատության» ռուսական ծառայության փոխանցմամբ՝ տեղեկությունը հաստատել են ռուսական գերատեսչությունները, որոնք հարձակման մեջ մեղադրել են Ուկրաինային։

Պաշտոնական տվյալներով՝ լցանավում 11 մարդ կա։ Նրանք տարհանման կարիք չունեն. մի քանիսը բեկորներից փոքր քերծվածքներ ունեն։

17:23 4.8.2023

2023 թվականին Ռուսաստանի կառավարության պլանավորած ծախսերի մեկ երրորդը բաժին է հասնում ռազմական կարիքներին, այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ռուսաստանյան պաշտոնական փաստաթուղթը։

Ըստ այդ փաստաթղթի՝ «Ազգային պաշտպանությանը» հատկացվել է ընդհանուր պետական ծախսերի 33,4 տոկոսը։

Reuters-ի գնահատմամբ՝ այսպիսով 2023 թվականին ռազմական կարիքների համար բյուջետային ծախսերի մասնաբաժինը ռեկորդային է 2011 թվականից ի վեր։ Լրատվամիջոցը հիշեցնում է, որ այդ ծախսերը նախկինում կազմում էին 14-23 տոկոս։ Գործակալությունը ենթադրում է, որ Ուկրաինայում պատերազմի շարունակությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտի ավելացմանը, որը հուլիսի սկզբին արդեն կազմում էր 2,6 տրիլյոն ռուբլի։

Ռուսաստանի կառավարությունը և ֆինանսների նախարարությունը միջազգային լրատվական գործակալության հարցերին չեն պատասխանել։

14:55 4.8.2023

Լեհաստանի իրավապահները Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով Բելառուսի քաղաքացու են ձերբակալել։

Դատարանը նրան կալանավորել է երեք ամսով, հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին։

Հարևան երկրի քաղաքացին վերջին շրջանում Լեհաստանում լրտեսության գործով ձերբակալված 16-րդ օտարերկրացին է։

Կամինսկու խոսքով՝ ձերբակալվածը հետևել է ռազմական օբյեկտներին ու նավահանգիստներին, ինչպես նաև քարոզչական գործունեություն է ծավալել հօգուտ Մոսկվայի։

Լեհ իրավապահները պնդում են, որ երկրում ռուսաստանյան գործակալական ցանց է գործել, որը հետևել է երկաթուղիներով ապրանքների տեղաշարժին, դիվերսիա է պատրաստել և քարոզչություն իրականացրել ՆԱՏՕ-ի, Լեհաստանի քաղաքականության դեմ։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG